Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնողի դերը երեխայի սեռական դաստիարակության հարցում. տաբուներ, միֆեր և բարդույթներ

Փետրվար 09,2021 22:20

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 10-19 տարեկանը սահմանում է որպես դեռահասության շրջան: Ամբողջ աշխարհում ապրում է մոտ 1 մլրդ դեռահաս, որոնց 70%-ը՝ զարգացող երկրներում: Մոտ 16 միլիոն դեռահաս աղջիկ տարեկան ամբողջ աշխարհում ունենում է վաղ հղիություն: Դեռահասների շրջանում բավական բարձր է ՄԻԱՎ վարակի մակարդակը: Ամեն 4-րդ դեռահաս ամբողջ աշխարհում ունենում է վաղ սեռական հարաբերություններ:

Համաձայն ոլորտի մի շարք գիտնականների՝ այսօր աշխարհում դեռահասների վերարտադրողական առողջության վատթարացում է նկատվում: Միայն վերջին տարիներին ամբողջ աշխարհում դեռահասների առողջական վիճակի ցուցանիշները նվազել են շուրջ 3.5 անգամ: Դեռահասները հակված են դրսևորելու ռիսկային սեռական վարք, որը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների՝ ներառյալ վաղաժամ հղիության, հղիության արհեստական ընդհատումների և սեռավարակների:

Մասնագետների մեծամասնությունը համակարծիք է՝  ծնողներն ունեն դեռահասի ռիսկային սեռական վարքը նվազեցնելու և վերջինիս առողջ սեռական զարգացումը խթանելու մեծ ներուժ:

Aravot.am-ը «Ֆեմինի» նախագծի շրջանակներում անդրադառնում է այս հարցին, քանի որ Հայաստանում ևս վերջին տարիներին բուռն քննարկումներ են ընթանում այս թեմայով: Նաև տարբեր կարծիքներ են հնչում այն մասին՝ արդյոք պե՞տք է առանձին առարկա հատկացնել սեռական դաստիարակությանը, թե՝ ոչ:

Այս հարցում հաջողության հասնելու համար առաջին հերթին կարևոր է ծնող-երեխա հարաբերություններում փոխվստահությունը:

Մետրոպոլիտան համալսարանի պրոֆեսոր Ջոյ Վոլկերը և Սիդնեյի համալսարանի պրոֆեսոր Յան Միլտոնն ուսումնասիրություն են կատարել, թե ինչ դեր ունեն ուսուցիչներն ու ծնողները երեխաների սեռական դաստիարակության հարցում: Նրանց ուսումնասիրությունները պարզել են, որ տարբեր երկրներում տաբուներ կան այն հարցում, թե արդյոք ծնողը պե՞տք է երեխայի հետ զրուցի սեռական կյանքի մասին: Ըստ ուսումնասիրողների՝ կան միֆեր, որոնք թույլ չեն տալիս ձերբազատվել այս բարդույթներից:

Օրինակ՝ միֆերից մեկն էլ այն է, որ եթե երեխայի հետ ծնողը խոսի սեռական թեմաներով, ապա դա խթան կդառնա նրա՝ սեռական վաղաժամ ակտիվության: Կարևորելով նաև դպրոցներում այս թեմայով հատուկ դասընթացի առկայությունը, ուսումնասիրողները, հղում կատարելով ուսուցիչների մեծամասնության կարծիքին, եկել են այն եզրահանգման, որ առանց ծնողների մասնակցության այս հարցում հաջողության հասնել հնարավոր չէ: Նաև աշխարհի շատ դպրոցներում ծնողները ներգրավված են այս դասընթացի և քաղաքականության մշակման աշխատանքներում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728