Գյումրու թիվ 25 դպրոցում բողոքի ցույցերը՝ գործադուլն ու դասադուլն ընդդեմ «անցանկալի» տնօրենի, շարունակվում են։ Հիշեցնենք, որ թե՛ դպրոցի անձնակազմը, և թե՛ ծնողները փոխվարչապետ Տիգրան Ավինյանին մեղադրում են հովանավորչությամբ տնօրեն նշանակելու մեջ։
Նոր տնօրենը Շիրակի մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ Գեղամ Բաղդասարյանի քույրն է՝ Իրինա Բաղդասարյանը։ Վերջինս մինչ նշանակումը Գյումրու թիվ 9 դպրոցի փոխտնօրենն էր։ Նա, թեև արդեն ներկայանում է աշխատանքի, սակայն դպրոցի անձնակազմը ու ծնողները շարունակում են բողոքի ցույցերը, նրանք պահանջում են փոխել որոշումը ու տնօրեն նշանակել իրենց թեկնածուին՝ դպրոցի պատմության երկարամյա ուսուցիչ Մերուժան Մինասյանին։
Ազգային Ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն այսօր ԱԺ ամբիոնից անդրադարձ է կատարել այս դպրոցում տիրող իրավիճակին՝ հայտնելով, որ ԱԱԾ-Ն նոր գործառույթ է սկսել կատարել, այն է՝ վախեցնել ուսուցիչներին և երեխաներին դպրոց չտանող ծնողներին։
Պատգամավորը նշել է, որ ցավոք, մեր օրերում էլ դպրոցում նշանակումներ են կատարվում քաղաքական պատվերով կամ քաղաքական հայացքներով, ինչպես եղել է նախկինում։
Կարդացեք նաև
«2020 թվականի սեպտեմբեր ամսին՝ մինչ պատերազմը, Գյումրու թիվ 25 դպրոցում, որը քաղաքի լավագույն դպրոցներից մեկն է, տեղի ունեցավ տնօրենի ընտրություն։
Ընտրությանը մասնակցում էր դպրոցի գործող ուսուցիչը և թիվ 9 դպրոցի գործող փոխտնօրենը։ Ձայները բաշխվեցին 4/2 հարաբերությամբ, որտեղ գործող ուսուցիչը ստացավ չորս ձայն, նրան ձայն տվեցին ուսուցիչները և ծնողները։ Երկու ձայն էլ, որից մեկը մարզպետարանի աշխատողներից մեկինն է, մյուսը՝ մեր պատգամավորներից մեկի օգնականինը, որը մարզպետարանի նախկին աշխատող էր, ստացավ մյուս թեկնածուն։
Եվ այն մարդը, որը մասնակցում էր մրցույթին, իր եղբայրը նույնպես մարզպետարանի կարկառուն ներկայացուցիչ էր։ Եվ երկու ձայնը հաղթեց չորս ձայնին, փոխվարչապետի ձեռքով նշանակվեց փոխտնօրենը և գրեթե ոչ մի բացատրություն չտրվեց։
Եթե բացատրություն տրվեր, որ փոխտնօրեն է եղել, դրա համար է, ապա կխնդրեմ փոխվարչապետը մեկնաբանի, թե արդյո՞ք գնահատում է արվել և ինչպիսի՞ փոխտնօրեն է եղել նա։ Ես անունները հիմա չեմ տա, որովհետև բոլորը գիտեն։
Հարցը բարձրաձայնեցի նաև վարչապետի մոտ , ասացին՝ անպայման հետևողական կլինեն։ Հետևողականությունն այն է, որ մեկ շաբաթ շարունակ դպրոցում դասերը խաթարված են։
Սարսափելին մեկ այլ բան է․ պարզվում է՝ ազգային անվտանգությունը փոխանակ այսօր զբաղվի դիակների դուրս բերման կամ գերիների հարցերով, և այլն, պարզվում է՝ զբաղվում է ծնողներին և ուսուցիչներին վախեցնելու գործով։
Ես երեկ նոր պարզել եմ, թե մեր երկրում ազգային անվտանգությունն ինչ ֆունկցիա ունի, մինչև էսօր չգիտեի։ Եվ ոստիկանությունն է նույն հարցով զբաղվում, իսկ ես այստեղից ուղղակի կոչ կանեմ՝ զերծ մնացեք դպրոցից և թույլ տվեք, որ օրենքի շրջանակում լուծվի այդ դպրոցի հարցը, այլապես սա հերթական քաղաքականացված նշանակման գնահատականը կլինի, թերևս այդպես էլ կա», -հայտարարեց Սոֆյա Հովսեփյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ