Մեկ տարի առաջ որոշում կայացվեց միավորել Լոռու մարզի Անտառաշեն եւ Լերմոնտովո գյուղերը, գործընթացը չի ավարտվել, դանդաղ է առաջ գնում, դեռ որեւէ լուրջ փոփոխություն չի եղել
2020 թվականի փետրվարի 6-ին կառավարությունը որոշեց միավորել Լոռու մարզի Անտառաշեն եւ Լերմոնտովո գյուղերը, ստեղծելով մեկ համայնք՝ Լերմոնտովո։ Համայնքների խոշորացման համար կառավարությունը փոփոխություն կատարեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում։
Մինչ միավորումը, հաշվի է առնվել այս գյուղերի առանձնահատկությունները՝ Լերմոնտովոյում մեծ մասը մոլոկաններ են, նաեւ եզդիներ եւ հայեր են բնակվում, բայց՝ քիչ։ Անտառաշենում (280 բնակիչ) մեծ մասն են հայեր, մի քանի մոլոկան ընտանիքներ էլ կան։ Մինչ այս միավորումը, կառավարությունը մտադիր էր Լերմոնտովոն միավորել հարեւան Մարգահովիտ գյուղի հետ։ Լերմոնտովցիք դեմ էին, կառավարությունն էլ մտքափոխվեց։
Խորհրդային տարիներին Անտառաշենը եղել է Լերմոնտովոյի կազմում, Անտառաշենը հիմնվել է գազանաբուծարանի հիման վրա, կզաքիս եւ աղվես էին բուծում, մորթին՝ արտահանում։ Այս գյուղի բնակիչներն աշխատում էին գազանաբուծարանում, ինչի հետեւանքով էլ հողագործությամբ չեն զբաղվել, միայն տնամերձ հողեր են մշակել։ 1991 թվականին Անտառաշենն առանձնացավ Լերմոնտովոյից։ Անտառաշենը փոքր գյուղ է, մեծ խնդիրներով։ Գյուղացիները կողմ են Լերմոնտովոյի հետ միավորմանը, ասում են՝ այդպես ավելի լավ կլինի, միայն թե իրենք սեփականաշնորհած հողատարածքներ չունեն։ Գյուղացիների մասը Լերմոնտովոյի մոլոկանների սեփական հողատարածքներում օրավարձով են աշխատում, ոչ դժգոհ են, ոչ էլ՝ գոհ, ուզում են իրենց սեփական հողը մշակել, բերք ստանալ, կարգին եկամուտ ունենալ։ Արդյոք միավորմամբ այդ խնդիրը կլուծվի։
Կարդացեք նաև
Փարթամ անտառներով շրջապատված փոքրիկ Անտառաշենից ընդամենը 3-4 կիլոմետր հեռավորության վրա Լերմոնտովոն է, այն հիմնադրվել է 1840 թվականին, գյուղի նախկին անունը Վոսկրեսենովկա է, այսօրվա լերմոնտովցիների նախնիները գաղթել են Ռուսաստանի Սարատովի եւ Տամբովի նահանգներից։ Լերմոնտովոն այսօր ունի 1010 բնակիչ, որից 80-ը հայեր են, 30-ը՝ եզդի։ Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի եւ կերային կուլտուրաների մշակությամբ։
Մոլոկանների մի մասը համայնքի հանրային կյանքում ակտիվ չէ, դավանանքը թույլ չի տալիս, բայց Անտառաշենի հետ միավորմանը կողմ են արտահայտվել։ Այստեղ հայերը, եզդիներն եւ մոլոկանները համերաշխ են ապրում։ Երեխաները նույն դպրոցն են գնում, Անտառաշենցի երեխաներն էլ են Լերմոնտովոյի դպրոցն ու մանկապարտեզը հաճախում։ Լերմոնտովոյի եզդիները, թեեւ տանը իրենց հարազատ լեզվով են խոսում, բայց տանից դուրս համագյուղացիների հետ հաղորդակցվում են ռուսերենով, եզդի փոքրիկները իրենց հարազատ լեզվով կարդալ չգիտեն, դպրոցում եզդիերեն դասավանդող չկա։
Այս երկու գյուղերի միավորումը սկսված է, բայց կորոնավիրուսի համավարակի, հետո պատերազմի պատճառով համայնքապետի եւ ավագանու ընտրությունները հետաձգվել են, հնարավոր է այս գարնանը լինեն։
Անտառաշենցիք սպասում են, որ միավորմամբ իրենց գյուղի գլխավոր խնդիրները՝ գազաֆիկացումն ու ճանապարհների վերանորոգումը, վերջապես, կիրականացվի, անտառաշենցիք ուզում են լերմոնտովցիների նման իրենք էլ անասնապահությամբ եւ հողագործությամբ զբաղվեն, ավելի բարեկեցիկ ապրեն։
Լերմոնտովի բնակիչները չեն դժգոհում իրենց կյանքից, միայն թե ջրամատակարարման խնդիրը տարիներով չի լուծվում, ճանապարհները չեն ասֆալտապատվում, հույս ունեն, որ միավորումից հետո մի բան կստացվի։ Կառավարությունն էլ խոստանում է միավորված համայնքներին ավելի շատ սուբիսիդիա տրամադրել՝ համայնքային խնդիրները լուծելու համար։
Մոլոկաններ, եզդիներ, հայեր․խոշորացված Լերմոնտովոյի կյանքը` տեսանյութում
Հեղինակ՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Օպերատոր՝ Լուիզա Սուքիասյան