Կատարյալ ֆիասկոն արձանագրելուց հետո այսպես կոչված «17+ դաշինքում» միկրոհեղափոխություն, ավելի ճիշտ՝ միկրոհեղաշրջում տեղի ունեցավ, եւ այն իրականացրեց Ռոբերտ Քոչարյանը։
Նախ, Բանակի օրը, հունվարի 28-ին ձեռնարկված՝ կառավարության շենքի չհաջողված գրոհի ժամանակ ակնհայտ դարձավ, որ մինչ այդ ձեւաչափի առաջնորդ Վազգեն Մանուկյանը «չի ձգում», եւ ձեւաչափը նոր առաջնորդի կենսական կարիք ունի։ Եվ կենսական կարիքը երկար սպասել չտվեց. Ռոբերտ Քոչարյանը յուրովի «ինքնաառաջադրվեց», եւ «նոր շունչ» հաղորդեց ոչ մեծաքանակ հավաքվածներին։
Դրան հաջորդեց դատական իշխանության ձեռամբ անհամ սերիալի վերածված՝ «Մարտի մեկի» գործով դատավարության հերթական սերիան, որից հայտնի դարձավ, որ Քոչարյանը մտադիր է մեկնել Մոսկվա եւ համապատասխան թույլտվություն ստացել է, իսկ դատախազությունն անգամ տեղյակ չէր թույլտվության հիմքերից։ Ֆորմալ պատճառը Մոսկվա մեկնելու՝ մասնակցությունն էր ԱՖԿ «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի հերթական նիստին, որ պարբերաբար տեղի է ունենում, իսկ Քոչարյանն, ինչպես հայտնի է, այդ խորհրդի անդամ է։
Սակայն, Քոչարյանը Քոչարյան չէր լինի, եթե իր՝ բիզնեսի «մեղրի տակառին» մի գդալ «քաղաքական ձյութ» չխառներ (հայտնի ռուսական ասացվածքի հանգույն)։ Հանրահայտ Մարգարիտա Սիմոնյանի «Սպուտնիկով» նա մեզ մի քանի բան ավետեց, մասնավորապես, որ «վերադառնում է քաղաքականություն», որ պահանջարկ կա «պրոֆեսիոնալների» եւ որ «այդ թիմը կա՛» (բնականաբար, խոսքն իր եւ իր թիմի մասին է), որ «աշխարհաքաղաքական դրդապատճառով» Հայաստանը պետք է «էլ ավելի խորացնի» իր ինտեգրացիան Ռուսաստանի հետ, «ավելի, քան կա», որ ինքը լիներ երկրի ղեկավար՝ «պատերազմ չէր լինի»։
Կարդացեք նաև
Որպեսզի Մոսկվայի «թիվ մեկ ականջին» ասածը լավ հասնի, եւ «խիմիան» ակտուալացվի՝ ասվեց նաեւ, որ «Նավալնիին եւ Փաշինյանին միավորում է գրեթե ամեն ինչ», որ նրանց «բեք ափ»-ները նույնն են (երեւի ուզում էր ասել՝ «բեքգրաունդ», ինչեւէ, բայց երկուսն էլ սխալ է), որ ռուսաց լեզուն արցախցիների «ԴՆԹ-ում է նստած»։ Եվ որպեսզի ասածի «ինտելեկտուալ փաթեթավորումը» եւ քաղաքագիտական առումով «պրոֆեսիոնալիզմն» էլ տեղը տեղին լինի, մի քաղաքագիտական նոու-հաու առաջ քաշեց, ըստ որի՝ «աշխարհում տեղի է ունենում ռեգիոնալիզացիա, գլոբալ գործընթացների փոխարեն առաջ են գալիս ինչ-ինչ ռեգիոնալ ինտեգրացիոն գործընթացներ» եւ նույն ոգով եւս մի քանի բան։ Իսկ ուղիղ տված հարցին «Ռուսաստա՞ն, թե՞ ԱՄՆ» ուղիղ պատասխանեց. «Իհարկե, Ռուսաստա՜ն»։
Իսկ երրորդ արարը տեղի ունեցավ շաբաթ օրը Երեւանում մի տարօրինակ միջոցառմանը՝ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» անվանմամբ «շարժման» հիմնադրմամբ, որն իրենց ներկայությամբ «պատվեցին» Հրանտ Բագրատյանը, մի քանի նախկին ԲՀԿ-ական, Արցախի՝ ղրիմյան կապերով նախկին վարչապետը, 2014-ին Ղրիմում բռնություններին մասնակցած եւ մի քանի երկրում քրեորեն հետապնդվող մի պերսոնաժ, «Ղրիմի վերադարձի» օրերին Հայաստանում միջոցառումներ կազմակերպող, «սորոսիզացիայի» (Քոչարյանի տերմինաբանությամբ) դեմ պայքարող մի նախկին ՀՀԿ-ական պատգամավոր եւ այլն։
Ավելի վաղ, հունվարի վերջին, Ռուսաստանում Հայաստանի հետ ի սկզբանե կապ չունեցող, բայց մի ուշագրավ իրադարձություն տեղի ունեցավ։ Հանրահայտ Մարգարիտա Սիմոնյանը, իր ամուսինը եւ «Մարտի մեկի» մասին քոչարյանական վարկածը քարոզող ֆիլմի հեղինակ՝ մի այլ ռուսահայ լրագրող մեկնեցին Ռուսաստանի կողմից դե-ֆակտո վերահսկվող Դոնեցկ մի համաժողովի, որտեղ տիկին Սիմոնյանը մի սրտաճմլիկ «համասլավոնական» մասշտաբի ճառով ելույթ ունեցավ, հորդորելով Կրեմլին Ղրիմի տարբերակով Ուկրաինայի Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերը եւս ներառել Ռուսաստանի կազմի մեջ։ «Ռուսաստան-մատուշկա, Դոնբասը հետ բեր տո՜ւն», – բացականչել է տիկին Սիմոնյանը։
Կրեմլը հենց հաջորդ օրը սառը ցնցուղ պահեց այդ բացականչության վրա։ «Կրեմլը Դոնբասը Ռուսաստանին միացնելու պլաններ չունի, Մոսկվան այդ հարցում ունի պատասխանատու դիրքորոշում», – հայտարարեց Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հավելելով. «Մարգարիտա Սիմոնյանը մեդիամենեջեր է եւ լրագրող։ Նա որեւէ կերպ չի կարող լինել Ռուսաստանի Դաշնության պաշտոնական դիրքորոշման արտահայտողը։ Նման հարց օրակարգում դրված չէ»։
Գաղտնիք չէ, թե ինչպիսի «սիրով» է լցված տիկին Սիմոնյանը Հայաստանի նոր իշխանությունների հանդեպ՝ Թավշյա հեղափոխության հենց առաջին օրվանից։ «Սորոսի պրոյեկտի», «ռուսատյացության» մասին տեղական նառատիվներն առաջինը «ռուսականացրեց» հենց նա, անգամ կշտամբելով Հայաստանին, որ «Ղրիմը ռուսական չեք ճանաչում» եւ որ դրա համար Ռուսաստանը պետք է Հայաստանի վրա «թքի եւ տրորի»։
Իհարկե, տիկին Սիմոնյանը միանգամայն տեղավորվում է Լենինի այն մտքի ծիրում, որ Ռուսաստանում ազգային փոքրամասնությունները «չափից շատ են աղ լցնում» վելիկոռուսական շովինիզմի համատեքստում, եւ զբաղեցնելով մի քանի պետական պաշտոն, այնուամենայնիվ ստիպում է իր ղեկավարությանը, որպեսզի նրան «տեղը ցույց տան» եւ հասկացնեն, որ էնտուզիազմն էնտուզիազմով, սակայն նա ամենեւին էլ «ամենազոր» չէ, եւ պաշտոնական Մոսկվային ներքաշել նոր սկանդալի մեջ, ինչ է թե կայսերապաշտ լյումպենը դրանից մեկ անգամ ավել կհրճվի՝ չի՛ ստացվի, քանզի առանց այն էլ կուտակված խնդիրները «տանիքից բարձր են»։
Եվ ահա, «քթին ստանալուց» հետո տիկին Սիմոնյանի եւ նրան հովանավորողների «ռեսուրսներն» իրենց վրա են վերցնում «Քոչարյանի մեծ վերադարձն» ավետելու առաքելությունը եւ ուկրաինական ֆիասկոյից հետո «հայկական պարտիայի» դեբյուտը՝ Քոչարյանի գլխավորությամբ…
Ի դեպ, դեբյուտի մասին։ Հայտնի ստեղծագործության մեջ «մեծ կոմբինատորը», կյանքում երկրորդ անգամ շախմատի հետ գործ ունենալով, շախմատային դասախոսության ժամանակ ասում էր. «Ի՞նչ է դեբյուտը, ընկերնե՜ր, եւ ի՞նչ է, ընկերնե՜ր, գաղափարը։ Դեբյուտը, ընկերներ, դա «Quasi una fantasia» է։ Իսկ ի՞նչ է, ընկերնե՜ր, ուրեմն, գաղափարը։ Գաղափարը, ընկերնե՜ր, դա մարդկային միտքն է, մարմնավորված տրամաբանական շախմատային ձեւի մեջ»։ Ստեղծագործությունից հայտնի է, թե դրվագի վերջում ինչպիսի անհարմար բան ստացվեց…
Անկախ Հայաստանի մեծ ողբերգության «հայրերի»՝ պատմության մեջ ներխուժելու երկրորդ փորձը չէր կարող ֆարսով չսկսվել եւ չի կարող ֆարսով եւ ֆիասկոյով չավարտվել։
Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09.02.2021