Նոյեմբերյանի շրջանի Բաղանիս գյուղում լուծվել է ջրամատակարարման խնդիրը, սակայն շրջանի մի շարք գյուղեր շարունակում են ապրել ջրամատակարարման խնդրով:
Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանի փոխանցմամբ՝ Բաղանիս գյուղը նախկինում էլ է ունեցել ջուր, սակայն վերջին երկու տարվա չոր եղանակային պայմանների պատճառով կտրուկ նվազել էին ջրի պաշարները.
«Գյուղը ունեցել է մշտական ջրապահովում, սակայն վերջին երկու տարում ջուրը բավականացնում էր միայն մի քանի օրը մեկ տրամադրելու համար, դրա համար որոշում կայացվեց փորել խորքային հորեր և արդեն եղած ջրային պաշարի հետ միասին գյուղացիներին շուրջօրյա ջրամատակարարում ապահովել»:
Աբազյանի փոխանցմամբ այս պահին կատարվում են խորքային հորերը փորելու աշխատանքները և հստակ ժամանակահատված նշված չէ, թե երբ կավարտվեն աշխատանքներն ու գյուղացիները կկարողանան օգտվել ամենօրյա ջրամատակարարումից:
Կարդացեք նաև
Համայնքապետի փոխանցմամբ՝ Նոյեմբերյանի մի շարք գյուղերում շուրջօրյա ջրամատակարարման խնդիրը դեռևս չլուծված է մնում, քանի որ այն կապված է մեծ ֆինանսական միջոցների հետ և համայնքը միայնակ չի կարողանում այն լուծել.
«Այս ծրագիրն իրականացվում է Համահայկական հիմնադրամի աջակցությամբ, սակայն բազմաթիվ այլ գյուղեր շարունակում եմ մնալ ջրամատակարարման չլուծված խնդրով: Այս պահին նման խնդիրներ կան սահմանամերձ Բարեկամավան և Ոսկեվան գյուղերում, որոնց դեպքում դեռ աջակցություն չի եղել, որպեսզի լուծվեն: Համայնքային բյուջեն չի բավականացնում այն միայնակ լուծելու համար և եթե լինեն դոնորներ, որոնք աջակցեն, մենք ունենք լուծման տարբերակներ: Օրինակ կա հնարավորություն Ոսկեպար գյուղից ջուրը հասցնել այդ գյուղերի ջրամբարներին, որի դեպքում այնտեղ ևս հնարավոր կլինի ապահովել շուրջօրյա ջրամատակարարում»,- նշել է Աբազյանը:
Սաթենիկ Հովսեփյան