«Ի՞նչ է նշանակում՝ իշխանությունը գերիների հարցով զբաղվում է «գալչկայի» համար․․․ուրեմն, ես պաշտոնապես հայտարարում եմ՝ դա լկտի սուտ է, լկտիագույն սուտ»,-ԱԺ նիստում անդրադառնալով «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ իշխանության հասցեին ուղղված այսօրվա մեղադրանքներին՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։ Նա վրդովված բղավեց․ «Ինչպե՞ս կարելի է նման արտահայտություն անել․․․ չեմ հասկանում, այս ո՞ւր ենք հասել։ Երկու ամիս լռում ենք, որ լարվածություն չլինի, բայց ո՞վ է ձեզ նման իրավունք տվել»։
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի մեկ այլ պատգամավոր Միքայել Մելքումյանի նկատառմանը, թե իշխանության վրա հույս դնել չի կարելի, Վաղարշակ Հակոբյանը կարծիք հայտնեց, որ իրականում ընդդիմության վրա հույս դնել չի կարելի․ «Դրա համար ժողովուրդը շատ լավ գիտի, դրա համար մեզ 70% ձայն է տվել ու ասում է, որ չգնանք արտահերթ ընտրությունների, որովհետեւ ընդդիմության վրա հույս դնել հնարավոր չի»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ