2020թ․ կարելի է համարել Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր դիտարկված ժողովրդագրական զարգացումների դժվարին ու բարդ տարիներից մեկը:
Աշխարհում տարածված կորոնավիրուսի համավարակն ու Արցախյան երկրորդ պատերազմը ոչ միայն մեծ հարված են հասցրել ժողովրդագրական ընթացիկ, այլև հնարավոր է՝ էական ազդեցություն ունենան առաջիկա տարիների ժողովրդագրական զարգացումների վրա: 2019թ․ մինչև 2024թ․ համար նախանշված ժողովրդագրական զարգացումների կանխատեսումները հնարավոր է՝ իրականություն չդառնան, քանի որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո ի հայտ եկած անվտանգային, սոցիալ-տնտեսական, հումանիտար ու առավել ևս քաղաքական անորոշությունները կարող են ի չիք դարձնել նախանշված քաղաքականության դրական սպասումները, և Հայաստանը կարող է մուտք գործել բնակչության դեպոպուլյացիոն շրջափուլ 2025թ․-ից էլ ավելի շուտ:
Պետք է փաստել, որ ի տարբերություն նախորդ կանխատեսումների՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի 2019թ. զեկույցում բարելավում էր տեղի ունեցել, և Հայաստանի Հանրապետության բնակչության դեպոպուլյացիոն շրջափուլի մուտքը 2025-2030թթ․-ից տեղափոխվել էր 2030-2035թթ.: Սակայն պետք է արձանագրել, որ 2025թ․-ից էլ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղությամբ ոչ բավարար ջանքերի և կանխարգելիչ ու հասցեական քաղաքականության բացակայության պարագայում դեպոպուլյացիոն շրջափուլ մտնելը բացառված չէ՝ հաշվի առնելով նաև Արցախյան երկրորդ պատերազմի և կորոնավիրուսի առաջացրած սոցիալ-տնտեսական հետևանքները:
Ժողովրդագրական նախորդ կանխատեսումների համաձայն՝ մինչ 2025թ․ Հայաստանի Հանրապետության համար գոյություն ուներ յուրահատուկ «ժողովրդագրական հնարավորությունների պատուհան», որից անհրաժեշտ էր օգտվել և փորձել ապահովել ծնունդների բավարար քանակ հաջորդ ժողովրդագրական շրջափուլի համար: Դրա իրագործման համար շահադրդման տարբեր միջոցների կիրառմամբ խթանվելու էին 2012-2019թթ. ընթացքում հետաձգված ամուսնություններն ու ծնունդները։
Կարդացեք նաև
Այդ ուղղությամբ որպես առաջին քայլ պետք է դիտարկել 2020թ. հուլիսի 1-ից առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ նպաստի էական բարձրացումն ու երեխայի խնամքի նպաստի ծածկույթի և չափի ընդլայնումը՝ մասնավորապես գյուղական բնակավայրերում վարձու աշխատող չհանդիսացող մայրերին մինչև երեխայի 2 տարեկան դառնալը խնամքի նպաստի նշանակումը: Այն լրացուցիչ շահադրդում էր հանդիսանալու այն ծնողների համար, որոնք հետաձգել էին երեխա ունենալու որոշումը (երեխայի ծննդյան կապակցությամբ ծախսերի պատճառով), արագացնելու էր երեխա ունենալու որոշման կայացումը, նաև բարենպաստ ազդեցություն կունենար ինչպես ծնունդների բացարձակ, այնպես էլ ծնելիության գումարային և ընդհանուր գործակիցների ցուցանիշների վրա: Սակայն որոշ ժամանակ անց օրացույցային ծնունդների (հետաձգված և նախատեսվածից շուտ ծնունդների ավարտից հետո) առաջ գալուց հետո կարող էր տեղի ունենալ ծնունդների կտրուկ նվազում: Այս դեպքում պետք է գործարկվեին 3-րդ և հաջորդ երեխաների ծնունդը խթանող ծրագրերը, որոնք կկանխարգելեին այդ գործընթացն ու կպահպանեին ծնելիության բավարար մակարդակը:
Ինչևէ, 2020թ․ գրանցված դրական ժողովրդագրական գործընթացներից է մշտական բնակչության թվաքանակի աճը: 1991թ․-ից ի վեր առաջին անգամ կորոնավիրուսի համավարակի հետևանքով փակ սահմանների պայմաններում Հայաստանում գրանցվել է միգրացիայի մնացորդի դրական ցուցանիշ, որը կազմել է 3․300 մարդ, ընդ որում՝ 2018թ․ միգրացիայի մնացորդը բացասական էր՝ 18,2, իսկ 2019թ․՝ 15,4 հազար մարդով: Միգրացիոն դրական ցուցանիշի շնորհիվ է նաև, որ Հայաստանի բնակչությունը 2020թ․ աճել է 4․400 մարդով և տարվա վերջին կազմել 2964,1 հազար մարդ:
Չնայած արտաքին տեղաշարժերի բացակայությանը՝ 2020թ․ ներքին միգրացիոն տեղաշարժերը բավականին ակտիվ են եղել, և առկա տարաբնակեցման համակարգն առավել խեղաթյուրվում է, ու տեղի է ունենում Երևանի բնակչության թվի անհարկի աճ ու բնակչության կենտրոնացում մայրաքաղաքում:
2020թ․ տվյալներով՝ Երևանի մշտական բնակչության թիվն աճել է 8 հազար մարդով և հասել 1092,0 հազարի: Մտահոգիչ է մասնավորապես Սյունիքի մարզի մշտական բնակչության թվաքանակի նվազումը, որը 2020թ․ կրճատվել է 1,4 հազարով և կազմել 135,9 հազար մարդ: Դեռևս պարզ չէ, թե պատերազմն ու նրա առաջացրած խնդիրներն ինչ ազդեցություն կարող են ունենալ Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի վրա, թեև կարելի է նշել, որ Սյունիքի մարզն ամբողջովին սահմանամերձ է դարձել: Ընդհանուր առմամբ, ոչ միայն Սյունիքի մշտական բնակչության թիվն է նվազել, այլև Տավուշինը՝ 0,9, իսկ Վայոց Ձորինը՝ 0,3 հազար մարդով:
Հայաստանի Հանրապետության բնակչության բնական շարժի հիմնական ցուցանիշների առումով 2020թ․ վատագույնն է ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Խորհրդային Հայաստանի ժողովրդագրական ցուցանիշների դիտարկումների ողջ ընթացքի համար:
2020թ․ բնակչության բնական շարժի դրական դրսևորումներից է ծնունդների բացարձակ թվի աճը, որը 2019թ․ համեմատ աճել է 1,1 տոկոսով կամ 407 երեխայով և կազմել 36 հազար 448 երեխա: Ընդ որում, ծնունդների ընդհանուր թվի 52,3 տոկոսը տղաներ են, իսկ 47,7-ը՝ աղջիկներ:
Կորոնավիրուսի համավարակն ու Արցախյան երկրորդ պատերազմն էականորեն ավելացրել են մահերի թիվը, և 2020թ․ նախորդ տարվա համեմատ մահերի բացարձակ թիվն աճել է 35,1 տոկոսով կամ 9185 մարդով և հասել 35 հազար 371-ի: Մահացածների այսպիսի բարձր ցուցանիշ վերջին անգամ Հայաստանում գրանցվել է 1988թ․, երբ Սպիտակի երկրաշարժի հետևանքով Խորհրդային Հայաստանում գրանցվել էր 35 հազար 567 մարդու մահ: Մահացությունների աճի հիմնական պատճառ են հանդիսացել արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացածների թվի ավելացումը՝ 2987-ով, շնչառական օրգանների հիվանդություններից՝ 841-ով, կորոնավիրուսից՝ 3405 մարդ և հիվանդացության ու մահացության արտաքին պատճառներից՝ 2136 -ով ավելի գրանցված դեպքով: Ընդ որում, հիվանդացության և մահացության արտաքին պատճառներից մահերի 2291 դեպք գրանցվել է Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ։
Մահերի այսպիսի աճի պայմաններում Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 1991թ․-ից ի վեր արձանագրված բնական աճի ամենացածր ցուցանիշը, որը 2020թ․ կազմել է 1077 մարդ և նախորդ տարվա նույն ցուցանիշից պակաս է 8778 մարդով:
Կորոնավիրուսի համավարակն ու պատերազմն ազդել են նաև պաշտոնապես գրանցված ամուսնությունների թվաքանակի վրա, և 2020թ․, ի տարբերություն 2019թ․, նվազել է 3382 դեպքով և կազմել 12719 ամուսնություն: Նույն ժամանակահատվածում ամուսնալուծությունների թիվը կրճատվել է 725-ով և կազմել 3155 դեպք:
Թեև 2014թ․-ից ի վեր առաջին անգամ ՀՀ-ում գրանցվել է ծնունդների թվաքանակի աճ, սակայն դա հիմնականում արձանագրվել է Երևան քաղաքի հաշվին, որտեղ 2020թ․ ծնունդների թիվն աճել է 15 տոկոսով կամ 2458-ով և կազմել 16 հազար 468 երեխա: Մնացած 9 մարզերում տեղի է ունեցել ծնունդների այնպիսի անկում, որի համար տրվում է բավականին դժվար բացատրություն, քանի որ ժողովրդագրական զարգացումների տրամաբանությամբ՝ այսպիսի անկումներ կարող են գրանցվել աղետների, քաղաքական, սոցիալ-տնտեսական ցնցումների կամ մեծածավալ արտագաղթի պարագայում: Բացառություն է, թերևս, Լոռու մարզը, որտեղ ծնունդների թիվն աճել է 1,5 տոկոսով կամ 38-ով:
2020թ․ Արագածոտնի մարզում ծնունդների բացարձակ թիվը նվազել է 127-ով կամ 8,9 տոկոսով, Արարատի և Արմավիրի մարզերում համապատասխանաբար՝ 668-ով և 598-ով կամ 20,5 և 19,5 տոկոսով: Գեղարքունիքի մարզում ծնունդների թիվը կրճատվել է 148-ով, Կոտայքում՝ 278-ով, Շիրակում՝ 78-ով, Սյունիքում՝ 66-ով, Վայոց Ձորում՝ 70-ով, իսկ Տավուշում՝ 146 երեխայով:
Կորոնավիրուսի համավարակով ու Արցախյան երկրորդ պատերազմով պայմանավորված՝ մահերի թվաքանակի աճի, ինչպես նաև ծնունդների աննախադեպ կրճատման հետևանքով 2020թ․ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, բացառությամբ Երևանի, գրանցվել է բնակչության դեպոպուլյացիա, որը ևս առաջին դեպքն է Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական դիտարկումների ողջ ընթացքում:
Կորոնավիրուսային համավարակի հետևանքով փակ սահմանների և մասնավորապես 2020թ․ մարտ, ապրիլ, մայիս, հունիս ամիսներին տնտեսական և սոցիալական դժվարությունների հետևանքով ՌԴ-ից մեր հայրենակիցների մեծ ներհոսքով պայմանավորված՝ 2020թ․ 2011թ․-ից ի վեր առաջին անգամ ՀՀ սահմանային անցակետերով իրականացված մուտքերի և ելքերի՝ ՀՀ փաստաթղթերով գրանցումներն ունեցել են դրական ցուցանիշ՝ 42 հազար 786 մարդ: 2019թ․ ՀՀ փաստաթղթերով մուտքերի և ելքերի տարբերությունը բացասական էր 6 հազար 529 մարդով:
2020թ․ որոշակի բարելավում է արձանագրվել սեռերի հարաբերակցության գործակցում, մասնավորապես կենդանի ծնվածների շրջանում 100 աղջկա դիմաց ծնվել է 110 տղա, որը, սակայն, դեռևս հեռու է նորմալ գործակից համարվող 105-107-ից:
Մշտական բնակչության միջին տարիքը 2020թ․ տարեսկզբի դրությամբ կազմել է 36,9 (2019թ.՝ 36,7) տարի, տղամարդկանց համար՝ 34,8 (2019թ.՝ 34,6 ), իսկ կանանց համար՝ 38,8 (2019թ.՝ 38,5) տարի:
Արտակ ՄԱՐԿՈՍՅԱՆ
ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, ժողովրդագետ
«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)