Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզում ճանապարհատրանսպորտային հանցագործությունները և մահվան ելքով դեպքերը նվազել են

Փետրվար 09,2021 19:40

ՀՀ Շիրակի մարզի դատախազությունն ամփոփել է հանցավորության դեմ պայքարում մարզի իրավապահ մարմինների, քրեական վարույթների շրջանակներում դատախազության կողմից իր լիազորությունների իրականացման արդյունքները:

Արձանագրվել է, որ մարզի տարածքում 2020թ. ընթացքում տեղի է ունեցել մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու 8 դեպք՝ ինչը 3-ով կամ 33,3%-ով նվազ է 2019թ. համեմատ։ Դրան զուգահեռ բարելավվել է նաև այս բնույթի հանցագործությունների բացահայտման ցուցանիշը՝ վարույթներում գտնվող քրեական գործերով և նյութերով նշված հանցագործությունների բացահայտումը կազմել է 44,4%, նախորդ տարվա 38,1%-ի դիմաց։

ՃԵ կանոնները խախտելու և անզգուշությամբ անձանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու դեպքերը ևս նվազել են՝ 2019թ. 58 դեպքի դիմաց 2020թ. արձանագրվել է 51 նման դեպք, կամ 15.5%-ով պակաս:

Մարզի տարածքում ՃԵԿ խախտման դեպքերի նվազումը պայմանավորված է նաև բնակավայրերում, հատկապես Գյումրի քաղաքի փողոցների բանուկ հատվածները, խաչմերուկները տեսանկարահանող սարքերով կահավորման հետ, ինչը երթևեկության անվտանգության առումով ունեցել է կանխարգելիչ նշանակություն:

Բացի այդ՝ էական նշանակություն են ունեցել նաև 2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած՝ «ՀՀ քրեական օրենսգրում» կատարված լրացումներն և փոփոխությունները, որոնցով քրեական պատասխանատվություն է սահմանվել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու համար վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում տրանսպորտային միջոց վարելու, հիշյալ անձանց կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար:

Այդ օրենսդրական փոփոխությունների արդյունքում 2020թ. ընթացքում, մարզի տարածքում արձանագրվել է ՀՀ քրեական օրենսգրքում ավելացված 243.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների 64 դեպք: Բոլոր դեպքերով հարուցվել են քրեական գործեր, որոնցից 45-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Վերոնշյալ տարածված վարքագծի դրսևորումների քրեականացումը ճանապարհատրանսպորտային հանցագործությունների համար ևս ունի կանխարգելիչ նշանակություն:

ՃՏՊ վայրերի քարտեզագրումը և դեպքերի հանգամանքների վերլուծությունը ցույց է տալիս, որ մարզում ՃՏՊ-ի պատճառներ ու նպաստող պայմաններ են հանդիսացել սահմանված արագության գերազանցումը, վարորդի կողմից երթևեկության հանդիպակաց գոտի դուրս գալը, ղեկին քնելը, ոչ սթափ վիճակում ավտոմեքենան շահագործելը, բջջային հեռախոսից օգտվելը, ինչպես նաև հետիոտների կողմից շատ հաճախ ճանապարհը ոչ սահմանված վայրում  հատելը:

Մարզի դատախազության գնահատմամբ դեռևս առկա են կարգավորման խնդիրներ՝ կապված նաև հատկապես երեկոյան ու գիշերային ժամերին երթուղիների ոչ ճիշտ տեղաբաշխման և սպասարկման, վարորդների, հետիոտների հետ տարվող բացատրական աշխատանքների, վարչական պատասխանատվության ենթարկելու հարցում հետևողականություն ցուցաբերելու հետ։

Ուսումնասիրության արդյունքներով վերոնշյալ խնդիրների լուծման նպատակով մարզի դատախազության նախաձեռնությամբ 2020թ. միջնորդագրեր են հասցեագրվել ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությանը՝ անհրաժեշտություն համարելով ձեռնարկել համապատասխան միջոցներ անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով աշխատանքների բարելավման ուղղությամբ:

Ուշադրություն է հրավիրվել մարզի տարածքում միկրոավտոբուսների, ավտոբուսների և տաքսիների վարորդների կողմից «ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջները խախտելու, միկրոավտոբուսների վարորդների կողմից անհրաժեշտ կարգի վարորդական վկայական չունենալու, իրենց ամրակցված տրանսպորտային միջոցներն այլ՝ անհրաժեշտ կարգի վարորդական վկայական չունեցող անձանց տրամադրելու դեպքերի բացառման անհրաժեշտության վրա:

Իրենց իրավասության շրջանակներում վերոնշյալ հանցատեսակների կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու նպատակով 2020թ. միջնորդագիր է ներկայացվել նաև ՀՀ Շիրակի մարզպետին՝ շեշտադրելով ՏԻՄ-երի կողմից ՀՀ օրենսդրությամբ իրենց վրա դրված՝ ճանապարհների սպասարկման և վերանորոգման պարտականությունները պատշաճ կատարման կարևորությունը:

Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ դատախազության կողմից նախանշված միջոցառումների կատարման հանդեպ հետևողականության ցուցաբերումը, այդ նպատակով խիստ պատժողական քաղաքականության իրականացումը 2021թ. ևս շարունակելու են մնալ Շիրակի մարզի դատախազության առաջնահերթություններից:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728