Լրահոս
Օրվա լրահոսը

Համեստ աշխատավարձ՝ Գյումրու քաղաքապետին․ Սամվել Բալասանյանը հրաժարվեց բարձրացնել այն

Փետրվար 09,2021 19:22

Այսօր Գյումրու ավագանու քննարկվող հարցերից մեկը համայնքապետ Սամվել Բալասանյանի աշխատավարձի չափի սահմանումն էր։  Այն ամսական սահմանվեց 340 հազար դրամ, որոշումը ուժի մեջ է մտնելու մարտի 1-ից։ Որոշման ընդունումը պայմանավորված էր Գյումրի համայնքի ղեկավարի վարձատրության չափի փոփոխությամբ։

Բանն այն է, որ Գյումրու բյուջեն այս տարի ավելացել է․ դարձել է 5 միլիարդ 237 միլիոն դրամ և որոշակի գումար է  տնտեսվել։  Ու այդ ազատ միջոցների հաշվին էլ 10 տոկոսով բարձրացրել են քաղաքապետարանի ու վերջինիս ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցների աշխատավարձը։Այսինքն՝ պիտի փոփոխվեր նաև համայնքապետի աշխատավարձի չափը։

Գյումրու քաղաքապետը, որը միշտ իր աշխատավարձը նվիրաբերում է տարբեր բարեգործական ակցիաների, ավագանու անդամների առաջ կարծես արդարացավ այդ 10 տոկոս բարձրացումից։

«Չասեք, թե իմ աշխատավարձը բարձրացնում եմ, պիտի բարձրացնենք, որ կարողանամ այդ տասը տոկոսները բարձրացնել; Բարձրացումը կախված է իմ աշխատավարձից, եթե իմ աշխատավարձը բարձր է, կազմվում է մյուս բոլոր հաստիքացուցակները։ Ես առանձնապես աշխատավարձ չեմ ստացել, միշտ սոցիալական ուղղություններով է գնացել, բայց օրենք է, պիտի կարողանանք ընդունել»,-ասաց Սամվել Բալասանյանը։

Ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն էլ առաջարկեց Գյումրու համայնքապետի աշխատավարձը բարձրացնել, սահմանել 450 հազար դրամ, և ըստ այդմ՝ հետագայում բարձրացնել տեղակալների և աշխատակազմի աշխատավարձը։

«Այս ռոճիկները թվեր չեն, որ մերոնք ստանում են, շատ լուրջ է առաջարկս»,- ասաց Լևոն Բարսեղյանը։

Սամվել Բալասանյանը, սակայն հրաժարվեց առաջարկից՝ պատասխանելով․ «Պարոն Բարսեղյան, մեր բյուջեն արդեն իսկ տեղավորել ենք, որը կներկայացնենք հաջորդ ավագանու նիստին՝ սուբվենցիոն ծրագրերով։ Մենք էլ երևի սկսենք որոշ պարգևավճարներով որոշ չափով բարձրացնել։ Իհարկե, որոշ պարգևավճար ունեցանք այս տարի, 50 տոկոս, ընդամենը տարվա մեջ երկու անգամ։ Սխալ չեք ասում, բայց ինձ թվում է՝ մենք այդքան գումար չենք ունենա հետագայում վճարելու համար»։

Լևոն Բարսեղյանը շարունակեց․ «Պարոն Բալասանյան, հասկանալի է, որ այս պահին այդ միջոցները թույլ չեն տա։ Ընդհանրապես աչքերի առաջ ունենալու մասին է խոսքը, որ շատ ցածր են այս աշխատավարձերը։ Մյուսը ՝ պարգևավճարների հետ կապված, այս ամբողջ խոսակցության ֆոնին առաջարկում եմ մշակել պարգևատրման հետ կապված  ինչ-որ մի արդար համակարգ, որ մեխանիկական չլինի։ Մարդը կոնկրետ ինչ-որ մի սխրանք է գործել, կարևոր բան է արել, այդ մարդն էլ իմանա, որ այդ գործի համար ինքը կունենա, չլինի մայրաքաղաքի նման կամ պետական պարգևավճարների պես, երբ դա տեղի է ունենում մեխանիկորեն, ոչ ոք չի հասկանում, թե լավ տեսնես՝ ինչի համար էր։ Աշխատակազմը թող իմանա, որ այս տեսակ ջանքի համար ինքը պիտի պարգևատրվի և այլ, և այլն»։

Սամվել Բալասանյանն ասաց, որ այս տարիների ընթացքում  պարգևատրումներ եղել են միայն տոնական օրերին։ Ըստ նրա, ինչպես կարելի է մարտի 8-ին կոմունալ բաժնի աշխատակցուհուն չպարգևատրել, Նոր Տարվան էլ տնտեսած աշխատավարձի հաշվին 50 տոկոս ավել չվճարել։

Հիմա էլ, ըստ քաղաքապետի, ազատ միջոցներ եղան, հնարավորություն եղավ ու կարողացան 10 տոկոսով բարձրացրել աշխատավարձերը։

«Այս տարիների ընթացքում աշխատավարձն առաջին անգամ բարձրացվեց։ Պարոն Բարսեղյանինը շատ լավ առաջարկ է, կամայական չլինի, թե ասենք քաղաքապետը ուզում է մեկի աշխատավարձը բարձրացնել, էս ինչ լավ տղա է, բերեք պրեմիա տանք էս մարդուն, էդպես չէ էլի։ Մեր մոտ լրիվ այլ ձևի  է դրված այդ ամենը, քովիդի հետ կապված մարդիկ շատ լավ աշխատեցին», -ասաց քաղաքապետը։

Նա նաև հայտարարեց, որ քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրելու Գյումրու քաղաքապետարանի կամավորական ջոկատի հրամանատար՝ քաղաքաշինության բաժնի ղեկավար Արթուր Հակոբյանին։

Նշենք, որ հոգսաշատ, 158 213 բնակչություն ունեցող (2020 թվականին պաշտոնապես այդքան մարդ է հաշվառված) այս քաղաքի քաղաքապետն այսպես ասած «ջեբի փող» էլ չի ստանում։ Նա կրկնակի անգամ ցածր է ստանում, քան  ասենք որոշ բուհերի ռեկտորներ, որոնց կատարած աշխատանքի ծավալը, բնականաբար, անհամեմատելի է։

Ի դեպ, Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներին 2020 թվականին հատկացված պարգևավճարներն ավելի շատ են, քան Գյումրու բյուջեն է։

Միայն ՊԵԿ-ի աշխատակիցներին 2020 թվականին հատկացվել է 6.820.207.205 ՀՀ դրամի պարգևավճար, մինչդեռ հազարավոր խնդիրների մեջ թաղված հանրապետության երկրորդ քաղաքի բյուջեն ընդամենը 5 միլիարդ 237 միլիոն դրամ է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728