Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում իրենց տները կորցրած մի քանի ընտանիքներ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում նոր կյանք սկսելու հնարավորություն կունենան

Փետրվար 09,2021 19:10

Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում «Փարոս» հիմնադրամի օժանդակությամբ Արցախում իրենց տները կորցրած մի շարք ընտանիքներ կունենան նոր բնակության հասցե:

«Փարոս» հիմնադրամը պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում տունը թողած ընտանիքներին Տավուշի մարզում վերաբնակվելու հնարավորություն է տալիս:

Հիմնադրամի ծրագրերի ղեկավար Սևան Ամիրյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ արդեն գյուղում գնվել են հինգ տներ, որոնք վերանորոգվում են և մի քանի ամսից ընտանիքները կկարողանան տեղափոխվել իրենց նոր տունը:

Ամիրյանի խոսքով հինգ տներին մոտակա ժամանակները կավելանան նաև երկուսը, իսկ հետագայում այդ տների քանակի ավելացումը կախված է հիմնադրամի ունեցած ֆինանսների չափից.

«Դեռ վերջնական թիվ չկա, թե քանի ընտանիքի կկկարողանանք ապահովել տնով, սակայն այս պահին արդեն հինգ տուն է ձեռք բերվել Ներքին Կարմրաղբյուր գյուղում, որոնք վերանորոգվում են:

Ընտանիքների ընտրության կարգի մեջ առաջին տեղում հենց այդ գյուղում ապրելու այդ մարդկանց ցանկությունն է: Մենք արդեն 70 – ից ավել ընտանիքի հետ կապ ենք հաստատել և առաջարկել ենք վերաբնակեցման ծրագիրը: Ընտրության հարցում հաշվի ենք առնում նաև ընտանիքի անդամների քանակը, ինչպես նաև այդ գյուղում իրենց ապրելու և գործունեություն ծավալելու հնարավորությունն ու հմտությունները, քանի որ այնտեղ հինական աշխատանքը լինելու է գյուղատնտեսությունը կամ անասնապահությունը»,- նշել է Ամիրյանը:

Հիմնադրամի ղեկավարի փոխանցմամբ՝ Ներքին Կարմրաղբյուր գյուղի ընտրությունը պատահական չի եղել: Նրա խոսքով՝ հիմնադրամը արդեն երկար տարիներ այդ գյուղում բարեգործական ծրագրեր է իրականացրել և ապրելու ու արարելու համար ստեղծել բարենպաստ պայմաններ:

«Այդ գյուղը մեզ համար առաջնային է, քանի որ այնտեղ մեր հիմնադրամը բազմաթիվ աշխատանքներ է արել, սկսած բուժկետի վերանորոգումից մինչև դպրոցի ու մանկապարտեզի վերանորոգում: Ինչպես նաև փողոցային լուսավորման և ջրի պոմպակայանների աշխատանքներ են իրականացվել: Հենց դրա համար էլ ընտրվել է այս գյուղը, որ նոր մարդկանցով համալրվի ու այդ հնարավորությունները ավելի արդյունավետ իրացվեն, քանի որ այնտեղ արդեն կան կարևոր նախադրյալներն ապրելու համար»,- նշել է հիմնադրամի ղեկավարը:

Ամիրյանի խոսքով՝ կարևոր հանգամանք է նաև այն, որ գյուղը մոտ է Բերդ քաղաքին և բնակիչները կկարողանան աշխատացնի հնարավորություն ստանալ նաև այնտեղ:

Հիմնադրամի ղեկավարը շեշտեց, որ ընտանիքներն ընտրվում են ամբողջ Հայաստանի տարածքում և չկա սահմանափակում, թե որտեղ են նրանք ժամանակավոր ապաստան ստացել:

Ամիրյանը տեղեկացմամբ՝ ֆինանսավորումը տեղի է ունենում միայն բարերարների տրամադրած գումարներով, որը «Փարոս» հիմնադրամը կրկնապատկում է և իրականացնում ծրագրերը.

«Արդեն 700 հազար դոլարի բյուջե է հավաքվել, որը հիմնադրամը կրկնապատկել է և կարողանում է ծրագիրն իրականացնել, սակայն այս թիվը հնարավոր կլինի ավելացնել նոր ներդրումների շնորհիվ, որն ավելի շատ ընտանիքների կտա նոր կյանք սկսելու հնարավորություն»:

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728