Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրադարձ ՀՀ մարզերի և Արցախի թատրոններին. մշակութային կրթական առցանց ծրագիր՝ «Դասարան +Դասական»

Փետրվար 09,2021 18:25

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2020 թվականի օգոստոս-նոյեմբեր ամիսներին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը պատրաստել է «Դասարան+Դասական» կրթական ծրագրի մարզային տարբերակը՝ առցանց ձևաչափով։

Ծրագրի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ մարզերի և Արցախի թատրոններին. Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն (Լոռի), Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն (Շիրակ), Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոն (Շիրակ), Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոն (Սյունիք), Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոն (Սյունիք), Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն (Արարատ), Աբովյանի դրամատիկական թատրոն (Կոտայք), Հրազդանի դրամատիկական թատրոն (Կոտայք), Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոն (Գեղարքունիք), Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոն (Արցախ), Շուշիի Մ. Խանդամիրյանի անվան պետական թատրոն (Արցախ):

«Դասարան+Դասական» կրթամշակութային ծրագիրը համակողմանի և ամբողջական, քառամաս պատումի միջոցով ներկայացնում է թատրոններից յուրաքանչյուրը: «Պատմություն» հատվածն անդրադառնում է քաղաքի պատմությանն ու մշակութային կյանքին, թատրոնի դերին մարզի մշակութային անցուդարձում:  «Զրույց թատրոնի մասին» շարքը հանդիպում է թատրոնի տնօրենի և գեղարվեստական ղեկավարի հետ, որի ընթացքում բացահայտվում են թատրոնի առկա մարտահրավերները, ապագա ծրագրերը և հեռանկարները: «Զրույց արտիստի հետ» հատվածը ներկայացնում է թատրոնի դերասաններին: «Հետնաբեմը» բացահայտում է թատրոնի կյանքը վարագույրից այն կողմ՝ բեմն ու դահլիճը, փորձասենյակները, հանդերձարաններն ու զգեստապահարանը։

Այս ծրագրի շրջանակում պատրաստվել է 44 հաղորդում, որոնք փետրվարի 9-ից՝ յուրաքանչյուր երեքշաբթիից ուրբաթ՝ ժամը 20:00-ին, կհեռարձակվեն «Դասարան+Դասական» ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 Նշենք, որ «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրը մշակվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կողմից։ Դրա նպատակն է ամրապնդել դպրոց-թատրոն կապը։

ՀՀ ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728