Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանն այսօր ավագանու նիստում, շարունակելով խաղահրապարակների թեման, որին անդրադարձել էր նաեւ ավագանու «Լույս» խմբակցության անդամը, ելույթի ձայն խնդրելով դիմեց քաղաքապետ Հայկ Մարությանին:
Ավագանու անդամն ասաց, որ Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի առաջին շենքից 6 մետր հեռավորության վրա գտնվում է այգին, որտեղ ծառեր են տնկված եւ խաղահրապարակ է կառուցված, սակայն 2017- ին այդ հողակտորը՝ 65 քմ ընդհանուր մակերեսով, սեփականացրել են եւ վաճառել են: Նրա խոսքով՝ սեփականատերը դիմել է դատարան, որն էլ ճանաչել է սեփականատիրոջ իրավունքը եւ որոշել է, որ այդ հողակտորի տարածքից խաղահրապարակը պետք է քանդվի: Արմեն Ներսիսյանն ասաց, որ ոստիկանությունը շատ մարդկանցով եկել՝ խաղահրապարակը քանդել է:
Ասաց, որ ավագանու իրենց խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը խոսել է սեփականատիրոջ հետ, որպեսզի այլ տարբերակ մտածեն, բայց նա հրաժարվել է՝ ասելով, որ իրավաբանական վարչության հետ զրուցել է, իր պահանջն է եղել 4 մլն 700 000 դրամ, որ փոխհատուցվի, բայց չի փոխհատուցվել, եւ դիմել է դատարան. «Ես՝ որպես ավագանու անդամ, ձեզանից խնդրում եմ՝ եկեք այս հարցը լուծենք, 4 մլն 700 000 դրամը տանք այդ մարդուն, գնա, այդ խաղահրապարակը չքանդվի: Պարոն քաղաքապետ, ձեզ չեն տեղեկացնում ոչ մի բան, ես վստահ եմ՝ եթե ձեզ տեղեկացնեին, որ 4,7 մլն դրամի հարց է, կասեիք՝ տվեք, թող տվյալ քաղաքացին հեռանա, բայց ձեզ չեն զեկուցել, որովհետեւ իրավաբանական վարչությունն այնքան քիչ մարդկանցով է աշխատում, որ մինչեւ անգամ դատարան չեն կարողանում ներկայանալ: Հիմա ասեք՝ պատրա՞ստ եք 4,7 մլն դրամ վճարել տվյալ քաղաքացուն, եւ նա հեռանա այդ բակից, որովհետեւ այդ բակի բնակիչները թույլ չեն տալու, որ նա այդտեղ շինարարություն անի»:
Կարդացեք նաև
Հայկ Մարությանն ասաց, որ ինքը պատրաստ է 72 հազար 307 դրամ վճարել, որպեսզի այդ հարցը լուծվի: Մարությանն այդ թիվը ստացավ 4 մլն 700 հազար դրամը բաժանելով ավագանու 65 անդամի միջեւ. «Ես պատրաստ եմ, բաժանում եմ մեր ավագանու 65 անդամների թվին, անում է 72 հազար 307 դրամ, եթե տանք, այդ հարցը կլուծվի՞, իսկ քաղաքապետարանն իրավունք ունի՞ գումար տալու, թե ոչ, պետք է հասկանալ, գնահատման գին կա, կարող են ասել, օրինակ, գինը 2 մլն 500 հազար է, դուք տվել եք 4,7 մլն դրամ, իմ խորհրդականը գլխով է անում, որ այո, կհարցնենք»:
Ի պատասխան՝ Արմեն Ներսիսյանն ասաց, որ անգամ բնակիչները պատրաստ են այդ գումարը հավաքել. «Թող ձեր խորհրդականը ձեզ ճիշտ զեկուցեր, որ մարդը 4 մլն 700 հազար դրամ է ուզել, մենք մերժել ենք, նա էլ դատարան է դիմել, ու դատարանն էլ առանց նայելու, որ 6 մետրի վրա ծառեր կան տնկված, խաղահրապարակը քանդել են: Այս հարցին լուծում տվեք»:
Հարցը պարզաբանեց նաեւ քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկը՝ նշելով, որ նշյալ տարածքի տերը Երեւան համայնքին 4 մլն 700 հազար դրամ պարտք ունի. «Ասում է՝ քանի որ զրկված եմ եղել իմ հողամասը օգտագործելուց, պարտքը զրոյացրեք»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ