Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր մարտական գործողությունների ընթացքում բուժօգնությանն աջակցելու համար ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտները, դասախոսները, ինտերները պարգևատրվեցին շնորհակալագրով, ինչպես նաև 8 կուրսանտի շնորհվեց զինվորական կոչումներ:
«Նրանք, ովքեր իրանց պարտքը կատարեցին և ողջ մնացին նույնպես հերոսներ են: Ուրախալի է, որ այսօր կարող ենք շնորհակալություն հայտնել նաև ողջ հերոսներին»,-ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Նրա խոսքով՝ հաղթահարելով դժվարին փորձությունները՝ սպիտակ բանակը վերահաստատեց պատրաստակամությունը լինել ժողովրդի կողքին և կատարեց իր առջև դրված ինչպես բժշկական, այնպես էլ ռազմական խնդիրները:
«Հավերժ փառք մեր անմահ հերոսներին, որոնք միշտ մեզ հետ կլինեն՝ բուհի մի մասը: Նրանք հավերժացան՝ պատիվ բերելով համալսարանին»,-շեշտեց ռեկտորը՝ առանձնահատուկ ողջունելով այն տղաներին, որոնք ռազմաճակատում կոփվեցին և ապացուցեցին իրենց վեհ առաքելությունը: «Հայրենասիրություն բառը խորապես զգալով՝ տեսնելով ընկած ընկերներին, նրանց ընտանքիներին և մայրերի աչքերը, պետք է արժանի լինեք ռազմական բժիշկ լինելու բարձր կոչմանը: Կեցցե մեր հայրենիքը, պետությունը, բանակը և սպիտակ բանակը»,-ասաց բուհի ղեկավարը:
Կարդացեք նաև
Ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Վարդան Ծատուրյանն ընդգծեց, որ բժշկական համայնքն իր մասնակացությամբ նպաստեց վիրավորների ապաքինմանը: «Եվս մեկ անգամ ապացուցեցինք, որ համախմբվելով վիրավորների շուրջ, կարող ենք նպաստել նրանց արագ ապաքինմանն ու շարք վերադարձին»,-ասաց ֆակուլտետի պետը՝ հիշեցնելով, որ զինվորական բժիշկը հաղթում է, երբ ապաքինված զինվորը վերադառնում է շարք:
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ Խաչատուր Խաչատրյանը բարձր գնահատելով ԵՊԲՀ-ի հետ համագործակցությունը՝ փաստեց, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ ռազմական համալսարանում վիրավորների բուժումը կազմակերպելու ընթացքում ականատես է եղել ՌԲՖ կուրսանտների կողմից կազմակերպված, հայ բժշկին վայել կեցվածքի: «Ռազմական համալսարանի բժշկական ծառայության անձնակազմի հետ դուք կարողացաք ձեր ծառայողական և բժշկի պարտականություններն իրականացնել լիարժեք»,-ասաց ռազմական համալսարանի պետը՝ առաջարկելով շարունակել համագործակցությունը՝ հօգուտ պետություն:
ԵՊԲՀ