ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ իշխանությունները՝ «Իմ քայլը», Նիկոլ Փաշինյանը, հիշողության կորուստ ունեն ու չեն հիշում, թե ինչ է խոսվել խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցի հետ կապված. «Կարող եմ թարմացնել իշխանության հիշողությունը: Կոնկրետ ԲՀԿ-ն նշել է, որ ընտրություններ կարող են անցկացվել բացառապես Նիկոլ Փաշինյանի հրաժարականի եւ անգամ ժամանակավոր պաշտոնակատար չլինելու պարագայում, որովհետեւ մենք Փաշինյանի գլխավորությամբ անցկացվելիք ԱԺ ընտրությունների հետ կապված ունենք լուրջ վերապահումներ եւ լուրջ կասկածներ: Եթե իշխանականները չունեն բավարար ազնվություն՝ խոստովանելու, որ ոչ թե չկա ընդդիմության կողմից աջակցություն ընտրություն անելու, կամ չկա հանրային պահանջ, պարզապես խոստովանեին, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ հրաժարական տալու, զրկվելու կառավարության ղեկավարի բարիքներից, կառավարական առանձնատանը բնակվելու բերկրանքից, եթե իրենց մեջ չունեն այդքան քաջություն դա խոստովանելու, ապա ընդդիմությանը մեղավոր թող չհանեն: ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն հայտարարել են ընտրությունների հետ կապված իրենց դիրքորոշումը՝ նշելով, որ թիվ մեկ նախապայմանը Փաշինյանի հրաժարականն է»:
Ըստ Տոոյանի՝ որեւէ քաղաքական ուժ չի կարող միանձնյա երկիրը դուրս հանել ստեղծված իրավիճակից. «Իմ քայլը խմբակցության այն հայտարարությունը, որտեղ նշվում է, որ հանրային պահանջ չկա արտահերթ ընտրություններ անցկացնելու, այդ հայտարարությունը, շատ հավաստի աղբյուրների փոխանցմամբ, տարածվել է Աղվերանում «Իմ քայլը» խմբակցության երկօրյա հավաքույթից հետո, եւ հետո «Իմ քայլը» խմբակցության բազմաթիվ ներկայացուցիչներ առանձին զրույցներում նշել են, որ իրենք տեղյակ չեն եղել՝ հերթական անգամ համոզվելով, որ իրենք բացառապես կառավարության ղեկավարի, իշխանությունների համար գլխաքանակի դերակատարում են ստանձնել՝ մասնակցել են մի հավաքի, որի ավարտից հետո տարածվել է այդ հայտարարությունը»:
Տոնոյանի խոսքով՝ իմքայլականները, որ պատերի տակ բողոքում են, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մասին տեղյակ չեն եղել, հետո իրենց անունից տարածված այս հայտարարության մասին տեղյակ չեն եղել, իր լավատեսությունը հօդս է ցնդում. «Բայց որ ասում են հանրային պահանջ չկա, տպավորություն է, որ Ադրբեջանում են այդ հարցումները կատարվել»:
Իվետա Տոնոյանը վստահեցրեց, որ իրենք վախենալու բան չունեն ընտրություններից, որովհետեւ իրենց վարկանիշը վստահորեն աճել է, ի տարբերություն իշխանությունների:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ