Լրահոս
Օրվա լրահոսը

«Չնայած լուրջ մարտահրավերներին` առողջապահական համակարգը կարողացել է հաղթահարել իր առջև դրված բոլոր խնդիրները». Անահիտ Ավանեսյանը ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

Փետրվար 09,2021 18:01

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանին:

Նախարարը, ողջունելով հյուրերին, իր երախտագիտությունն է հայտնել նրանց` ամուր և երկարատև գործակցության համար: Նա նշել է, որ 2020 թվականը մարտահրավերներով լի տարի է եղել առողջապահական համակարգի համար: Մի կողմից կորոնավիրուսային համավարակի պայմաններում ծանրաբեռնված աշխատանքը, մյուս կողմից` արցախյան պատերազմը. «Չնայած լուրջ մարտահրավերներին` առողջապահական համակարգը կարողացել է հաղթահարել իր առջև դրված բոլոր խնդիրները»,-ասել է Անահիտ Ավանեսյանը:

ԱՄՆ դեսպանը ևս գնահատել է երկրների միջև սերտ համագործակցությունը, այնուհետև հետաքրքրվել Հայաստանի առողջապահական համակարգի ներկա վիճակի և կորոնավիրուսային հիվանդության պատվաստանյութերի ձեռքբերման մասին, ինչպես նաև մանրամասներ խնդրել նախարարից` հասկանալու հնարավոր աջակցության ուղղությունները:

Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է դեսպանին հետաքրքրող հարցերի մանրամասները և հավելել. «Հայաստանի Հանրապետությունն այժմ բանակցություններ է վարում պատվաստանյութի ձեռքբերման ուղղությամբ: Մենք բաց ենք բոլոր քննարկումների համար, դիտարկում ենք մեր երկրի համար հարմար և անվտանգ տարբերակները»:

Հաշվի առնելով հանրապետությունում COVID-19-ի կայուն և վերահսկելի դրությունը` նախարարը նշել է, որ այժմ համակարգը քիչ թե շատ շնչում է ու հնարավորություն ունի կենտրոնանալու մյուս` ոչ պակաս կարևոր ճյուղերի վրա:

Անահիտ Ավանեսյանը նշել է, որ առողջապահական համակարգի կարևոր ուղղություններից է մոր և մանկան առողջության պահպանման ոլորտը: Չնայած համավարակին` անցյալ տարի մայրական, մանկական մահացության ցուցանիշների նվազում է գրանցվել:

Հանդիպման ավարտին Լին Թրեյսին ասել է, որ համագործակցությունը շարունակական կլինի: Դեյվիդ Հոֆմանն էլ իր հերթին ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի համատեղ ծրագիրը, որը միտված է Հայաստանի առողջապահության քաղաքականության զարգացմանն ու բարելավմանը: Այն  հնարավորություն կտա ապագայում դիմակայելու նոր համավարակներին:

Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728