Aravot.am-ը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին հարցրեց՝ ճի՞շտ է, որ ԱԱԾ-ն ձեր քաղաքական ուժին տվյալներ է տվել, ըստ որոնց, չպետք է հիմա գնաք արտահերթ ընտրության, որովհետեւ շատ ցածր վարկանիշ ունեք, դրա մասին այսօր հայտարարել էր Գեւորգ Պետրոսյանը: Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ նման բան չկա ու Փաշինյանի վարկանիշն այսօր ամենաբարձրն է, այդ ընդդիմության վարկանիշն է ցածր, դրա համար մերժում են իրենց առաջարկը:
Մեր դիտարկմանը, որ ընդդիմությունն ասում է՝ Փաշինյանը զոդված է իր աթոռին, չի ուզում հրաժարական տալ, դրա համար այսպես «հեղհեղուկ» եք, մի օր ասում եք՝ անում ենք ընտրություն, մի օր ասում եք՝ չենք անում, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Որովհետեւ մարդիկ, որոնք այսպիսի բան են ասում, իրենք այդ աթոռը ընկալում են այլ ձեւ, քան իրականում կա: Մարդ չի կարող կառչած մնա իր խաչից: Իրենք այդ աթոռը տասնամյակներ շարունակ տեսել են որպես եկամտի, հնարավորությունների բան: Իսկ այսօր իշխանության աթոռը խարան է, որից կառչած չեն մնում»:
Հարցին՝«Իմ քայլից» կարո՞ղ է նորից դուրս եկողներ լինեն՝ արտահերթ ընտրություններ չանելու որոշումից հետո, որովհետեւ կա տեսակետ, որ շատերը համաձայն չեն եղել՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ այդ որոշումն ընդունվել է գերակշիռ մեծամասնության կողմից. «Չեմ բացառում, կարող է ինչ-որ պատգամավորներ դուրս գան, ոչ թե դուրս գան խմբակցությունից, այլ՝ մանդատը վայր դնեն: Բայց վստահ կարող եմ ասել, որ դա որեւիցե կապ չի կարող ունենալ: Կարող է այլ աշխատանքի գնալու հետ կապված լինի»:
Ալեն Սիմոնյանն ասաց, որ գերիների հարցն օգտագործվում է՝ ՀՀ-ում ներքաղաքական խժդժություններ մտցնելու համար, որ Փաշինյանի դիրքերը հնարավոր լինի ներսում թուլացնել. «Ես ընդդիմություն եղած ժամանակ այլ գործելաոճ եմ որդեգրել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ