ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ժողովուրդն իրենցից արտահերթ ընտրություն չի պահանջում, ասում են՝ գնացեք թավիշը վերացրեք, նախկիններից ազատվենք. «Թող ընդդիմությունը հայտարարի, որ Վազգեն Մանուկյանին առաջադրեցինք, չստացվեց, հետ ենք քաշում: Չի կարող մի քանի իրականություն առաջարկվել քաղաքացուն ու ասել՝ դե կազմակերպեք: Ի՞նչ կազմակերպենք՝ վեցնյակի՞նը, Ռոբերտ Քոչարյանի «կրելու» համար նախատեսված ընտրությո՞ւնը, թե՞ Էդմոն Մարուքյանի համար նախատեսված ընտրությունը, որ ինքը դառնա վարչապետ, թե՞ Գագիկ Ծառուկյանինը: Չի լինում այդպես»:
Հարցրեցինք՝ դուք ե՞րբ եք ընդդիմության կարծիքը հաշվի առել, որ այսօր նստել սպասում եք ընդդիմության կարծիքին, ասել եք՝ արտահերթ ընտրություն, արե՛ք: Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ հարցը ընդդիմության կարծիքը հաշվի առնել-չառնելը չէ. «Կարեւոր է ՀՀ ժողովրդի կարծիքը: Այսօր որոշ քաղաքական գործիչներ, որոնք ներկայացնում են՝ իբր ընդդիմություն են, ավելի քիչ կապ ունեն ժողովրդի հետ, քան որեւէ մեկը»: Հարցին՝ իսկ դուք ՀՀ քաղաքացիների կարծիքը ստուգե՞լ եք, Սիմոնյանը պատասխանեց. «Դրա համար առաջարկ արեցինք՝ եթե ասում եք քաղաքական ճգնաժամ կա, թեեւ ձեր փողոցային պայքարը չի ստացվում, եկեք նստենք քննարկենք: Ի՞նչ հետեւեց՝ այդ ընդդիմադիր գործիչները մերժեցին»:
Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ իրենք 40 համայնք են այցելել ու հանդիպել են ՀՀ քաղաքացիների հետ. «Մենք բոլորս ունենք մեր չափման միավորը»: Մեր դիտարկմանը՝ դուք հանրության հետ վերջին շրջանում կարողանո՞ւմ եք շփվել, հանրության մեջ դուրս գալ, դուք անգամ Եռաբլուր եք գալիս զրահապատված ու թաքուն, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Որովհետեւ դուք այնքան եք հրահրում: Դուք ուզում եք լավ վերնագիր լինի, որ մարդկանց սպառնալիք կամ վիրավորանք լինի, մարդկանց ջղայնացնեք: Մեկին բերել եթեր, որ դրա ընթացքում հնարավորինս շատ վիրավորանք հնչեցնի, գոռա: Դրանով դուք հրահրում եք ու լարում եք իրավիճակը»:
Հարցին՝ հանրության լայն շերտերից եք խոսում, Սյունիքի մարզում տեսանք ինչ եղավ, ո՞նց եք չափում հանրության լայն շերտերին, սանտիմետրո՞վ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Հանրությանը չի կարելի սանտիմետրերով չափել, կոռեկտ պահեք: Մեկը ժեխ է ասում, մեկը ասում է՝ սանտիմետրերով չափեք: Սանտիմետրերով կեթաք ուրիշ բան կչափեք: Մենք հանրությանը հանդիպումների միջոցով ենք չափել, նաեւ հարցումների միջոցով»:
Կարդացեք նաև
Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ ընդդիմության ներկայացուցիչները շատ ցածր վարկանիշ ունեն, պարզել են դա ու հենց դրա համար է, որ վիժեցնում են արտահրթ ընտրությունների գնալու գործընթացը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ