Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով իշխանություն է դառնում, փոխվում է․ սկսում եմ վախենալ իշխանություն դառնալուց»․ Էդմոն Մարուքյան

Փետրվար 09,2021 17:19

ԱԺ նիստի ընթացքում այսօր Էդմոն Մարուքյանը ելույթի ժամանակ հիշեց՝ այն պատգամավորները, որոնք ժամանակին իր հետ պայքարում էին ինչ-որ բանի դեմ, հիմա այդ ինչ-որ բանի մասն են կազմում։ «Դատապարտել են ինչ-որ երեւույթներ, բայց հիմա դրա մեջ են։ Ուզում եմ հասկանալ՝ իշխանությո՞ւնն է գայթակղություն, որ կոռուպցիայի դեմ պայքարող մարդը, մտնելով իշխանության մեջ, դառնում է կոռումպացված, որ ազատ դատական համակարգի համար պայքարողը, մտնելով իշխանության մեջ, ամեն ինչ անում է, որպեսզի դատարաններն ազատ չլինեն, այլ ենթարկվեն իրեն»,-նշեց Էդմոն Մարուքյանը եւ հավելեց,-«Խոստում են տալիս ու դրժում։ Անընդհատ մտածում եմ՝ կարո՞ղ է՝ իշխանությունն է այդպիսին ՀՀ-ում․․․ այսինքն, ով իշխանություն է դառնում, փոխվում է։ Սկսում եմ վախենալ իշխանություն դառնալուց։ Սկսում եմ չուզենալ երբեւէ ունենալ այդ իշխանությունը»։

Մարուքյանը հարցադրում արեց՝ կարո՞ղ է վաղը մյուս օրն իշխանություն դառնալով՝ ինքը հակառակն անի այն ամենի, ինչից հիմա խոսում է։ «Ասեք, հարգելի գործընկերներ, ի՞նչ է ձեզ հետ կատարվում»,-հարց հղեց նա իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին եւ կառավարության պաշտոնյաներին։

«Նրանք բողազները պատռում էին արդարության համար, իսկ այսօր ի՞նչ ունենք։ Տիկին Լիլիթ Մակունց, սկսում եմ մտածել, որ ով դառնում է իշխանություն՝ լինում է սովորական իշխանություն, որում կան կոռումպացվածներ, դատավորներին զանգողներ, ատկատ տվողներ․․․ով եկավ իշխանության՝ դառավ այդ ձեւի․․․անե՞ծք է, ինչ է․․․»։

Էդմոն Մարուքյանը հավելեց, որ իշխանությունն անընդհատ շահարկում է «ժողովուրդն է որոշել» արտահայտությունը, մինչդեռ, երբ ինքն է խոսում ժողովորդի հետ, կարծիքները լրիվ այլ են ստացվում․ «Կարո՞ղ է՝ մենք ուրիշ ժողովրդի հետ ենք շփվում»։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր քննարկում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում բարձրագույն դատական խորհրդի կողմից առաջադրված՝ դատարանի քրեական պալատի գործող նախագահ Լիլիթ Թադեւոսյանի թեկնածության հարցը։

Հատկանշական է, որ Էդմոն Մարուքյանի ելույթից հետո հերթը «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցինն էր, սակայն նա խոսեց միայն թեկնածուի վերաբերյալ դրական տպավորությունից եւ Մարուքյանի հարցադրումներին չարձագանքեց։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728