«Հիմա խորը քաղաքական ճգնաժամ է Հայաստանի Հանրապետությունում, ժողովրդի, հանրության հոգեբանական վիճակը շատ ծանր է, որովհետեւ հատկապես գնալով ուժեղանում է այն մարդկանց ցավը, որոնք կորցրել են իրենց զավակներին: Հարազատներին, բարեկամներին կորցրած շատերը դեռ «տաք» են, բայց կամաց-կամաց հասկանում են ցավն ու կորուստը»,- «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում նշեց երգիչ Մհեր Արմենիան:
Նրա խոսքով, երկրում տնտեսական վիճակը եւս ծանր է. «Թեկուզ մեր ոլորտում թույլատրված են 60-ից ավելի մարդկանց ներկայությամբ միջոցառումներ, բայց դրանից կարծես շատ բան չի փոխվել, որովհետեւ մարդիկ առանձնապես ցանկություն չունեն միջոցառումներ անցկացնելու: Դժվար է պատկերացնել հայրենասերների, որոնք կերգեն, կպարեն, երբ իրենց երիտասարդ հարազատը զոհվել է այս պատերազմում»: Երգչի ձեւակերպմամբ՝ մարդկանց ճնշվածությունն ու հուսալքությունը փոխկապակցված են ապագայի անորոշության հետ, շատերը ցանկություն ունեն երկրից հեռանալու:
Երգիչն ասում է, որ հաճախ զրույցներ է ունենում իր գործընկերների հետ. «Նույնիսկ այսօրվա իշխանություններին սատարած կոլեգաներս գիտակցում են, թե ինչ է տեղի ունեցել, հիասթափված են, հասկանում են եւ մեծ ցավ են ապրում»:
Մհեր Արմենիան շեշտում է, որ ի տարբերություն այլ արտիստների, ինքը չի պատրաստվում Հայաստանից հեռանալ, որտեղ վերջնական վերադարձել է 13 տարի առաջ. «Ես չեմ կարող մեկնաբանել իմ կոլեգաների գործողությունները, թե ինչու են արտագաղթում, ընդամենն իմ օրինակով կասեմ, որ ինքս ոչ մի տեղ չեմ գնալու: Ինչքան էլ դժվար լինի, պետք է մնանք, հաղթահարենք, ամեն մեկս մեր ներկայությամբ ամեն ինչ անենք, որպեսզի այս իրավիճակից փորձենք դուրս գալ»:
Կարդացեք նաև
Նրա համոզմամբ. «Իհարկե, դեռ կլինեն մարդիկ, որոնք սատարում են իշխանություններին, բայց հանրության մեծ մասը բացարձակ դեմ է այս իշխանություններին: Ես չգիտեմ, թե ինչո՞վ է պայմանավորված նրանց վստահությունը, բայց կարծում եմ, որ այն հանրային աջակցությունը, որ իշխանությունները ներկայացնում են, թե իբր ունեն, իրականում հանրության մեջ չկա… Իսկ ֆեյսբուքյան տիրույթը բնավ չափանիշ չէ: Իշխանությունները մտահոգված են, եւ այն աթոռները, որոնց վրա իրենք նստած են, հավերժ չեն: Ուշ թե շուտ իրենք վեր են կենալու այդ աթոռներից, պարզապես մտահոգված են իրենց ապագայով, որովհետեւ բոլորս տեսանք, թե ինչ կատարվեց իրենց օրոք»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ