«Նախորդ ուրբաթ եղա «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, եւ ինձ տեղեկացրին, որ ազատ է արձակվել ԱԺ նախագահի վրա հարձակում գործած հրոսակախմբից վերջին կալանավորվածը։ Ոհմակը՝ դատավորների ոհմակը, ուղիղ պաշպանության տակ է առնում մարդկանց, որոնք այսօր պետք է լինեին համապատասխան վայրերում»,-ԱԺ նիստում այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։
Նա նշեց․ «Կարծում եմ՝ դրա վերաբերյալ եւս դատական համակարգը պետք է որոշակի վերաբերմունք ունենա եւ արտահայտի։ Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հրապարակներում հնչում էին հակապետական, այդ թվում՝ ռազմական հեղաշրջման մասին կոչեր, որոնց հաջորդեցին փաստական տվյալներ։ Իշխանությունը զենքով տապալելու կոչեր հնչեցնողները դա հովանավորող դատավորների շնորհիվ շարունակում են գտնվել ազատության մեջ։ Ցույց տվեք մի երկիր, որտեղ դատավորները պաշտպանում են պետական ահաբեկչություն ծրագրողներին։ Եթե որեւէ մեկի քթից արյուն եկավ, դատական համակարգն է պատասխան տալու։ Որեւէ մեկը եւ մենք ձեզ չենք ներելու»։
Կարդացեք նաև
Արման Բաբաջանյանի ելույթին հաջորդեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանի նկատառումը՝ դատավորից մի ակնկալեք քաղաքական հայտարարություններ, եթե առհասարակ ուզում եք ՀՀ-ում դատավոր ունենալ․ «Հուսամ՝ սխալ տպավորություն եմ ստացել այն պատգամավորների ելույթներից, որոնք ակնկալում են, թե դատավորը պետք է քաղաքական կարծիք հայտնի։ Ինչ անում ենք՝ բոլշեւիզմ է ստացվում։ Վերջապես պետք է ավարտե՞նք այդ բոլշեւիզմը, թե ոչ։ Մասնագիտական տիրույթում համահարթեցում մի պահանջեք»։
Ըստ Սիմոնյանի՝ չի կարելի անել այնպիսի արտահայտություններ, որոնք վտանգում են դատավորի հեղինակությունը․ «Վերջին երկու տարում այնպես ոտնահարեցինք այն։ Եթե գոնե առաջ երիտասարդ իրավաբաններն ուզում էին դատավոր դառնալ, որպեսզի պաշտպանվեն սոցիալական հեղինակությամբ, հիմա դա էլ չեն ուզում, որովհետեւ դատարան են շրջափակում, դատավորին անվանարկում, առանց գործի նյութերին ծանոթանալու՝ դատավորին հանցագործ անվանում»։
Տարոն Սիմոնյանի գնահատմամբ՝ անվանարկելով բոլորին՝ պիտակավորվում են նաեւ լավ դատավորները․ «Հրաժարվեք վերջապես բոլշեւիզմից»։
Այնուհետեւ «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը Տարոն Սիմոնյանին հարցրեց․ «Ո՞նց հրաժարվենք մի բանից, որի կրողը չենք։ Որեւէ մեկը չի խոսում կցորդ-դատավորների մասին։ Մենք ասում ենք՝ հասկանում ենք, որ դատավորը սահմանափակված է կոնկրետ գործերով եւ կարծիք արտահայտելով։ Խնդրում եմ՝ դադարեցրեք այս լսարանը ԵՊՀ-ի դասախոսական լսարանի հետ խառնելը։ Տարրական ճշմարտություններից քննություն ենք ստացել, պետք չէ տասը անգամ «լեկցիա» կարդալ մեր համար»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ