Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետն ունի ամենաբարձր վարկանիշը Հայաստանում՝ առկա քաղաքական գործիչներով, իրենք թող բոլորով հրաժարական տան». Ալեն Սիմոնյան

Փետրվար 09,2021 16:21

ԱԺ փոխնախգահ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ արտահերթ ընտրությունների առաջարկ արել են ու չեն ստացել պատասխան, ուստի այս պահին, եթե կան ուժեր, որոնք դա ուզում են, թող դիմեն ԲՀԿ-ին, ԼՀԿ-ին:

Հարցին՝ բա եթե իշխանափոխության սահմանադրական ճանապարհները փակում եք, չե՞ք կարծում, որ այլ քայլերի կդիմեն՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում հրաժարվել եք սահմանադրական ճանապարհից: Երբ մենք առաջարկում էինք ընտրությունների գնալ, մեզ մերժում էին, այդ քայլով չեն փակո՞ւմ սահմանադրական ճանապարհը: Ընտրված իշխանությունը, չունենալով պահանջ ընտրություն անելու, ասում է՝ դե որ պահանջ չկա, չեն գալիս նույնիսկ բանակցելու, մենք շարունակում ենք աշխատել, դա հակասահմանադրակա՞ն է: Իսկ ո՞րն է սահմանադրականը: Երբ որ մեր գործընկերները պատրաստ կլինեն քննարկել նման բան, մենք կքննարկենք դա քննարկելու հարցը: Ընդդիմությունը չարձագանքեց: Այսինքն, մենք պետք է անընդհատ մնայինք շրջապտույտի մեջ, տեսնեինք 17-ը երբ է դառնում 15, հետո դառնում է վեցնյակ, հետո Վազգեն Մանուկյանը, հետո Ռոբերտ Քոչարյանը առանձին է մասնակցում, ու այդպես երկիրը պահեինք շրջապտույտի մեջ, մինչեւ ընդդիմությունը կողմնորոշվե՞ր: Հետո գայիք մեզ ասեիք՝ բա աշխատանքներ կան: Դատավոր ենք ընտրում, զինվորներին վերաբերող հարցեր կան՝ ընդդիմությունն ասում է՝ դա այնքան կարեւոր չի: Մեր կողմից ներկայացվել է ճանապարհային քարտեզ: Վարչապետն ասել է, որ մինչեւ հունիս-հուլիս ամիսը այդ ճանապարհային քարտեզը կիրականացվի: Ընդդիմադիր մեր գործընկերները, լավ, ժողովրդին չեն կարողանում լավ առաջարկ ձեւակերպեն, բացի վիրավորանքներ, սպառնալիքներ հնչեցնելուց, թող գոնե քաղաքական դաշտում կարողանան հավաքվեն, մի հատ առաջարկ ձեւակերպեն»:

Լրագրողներն ասացին, որ առաջարկը ձեւակերպել են, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Հա, ես այդ առաջարկը լսել եմ՝ թող նիկոլ Փաշինյանը հրաժարական տա: Ես էլ ասում եմ՝ իրենք թող բոլորով հրաժարական տան, որ կապ չունեն ՀՀ ժողովրդի հետ»:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյա՞նը կապ ունի, նա պատասխանեց. «Այո, ՀՀ վարչապետը ունի ամենաբարձր վարկանիշը ՀՀ-ում՝ առկա քաղաքական գործիչներով: Այո, «Իմ քայլի» եւ մնացած բոլոր քաղաքական ուժերի վարկանիշն ընկել է, բայց ես պնդում եմ, որ այսօր ՀՀ վարչապետն ունի ամենաբարձր վարկանիշը, եթե կա այլ պնդում…»:

Ալեն Սիմոնյանն ասաց, որ արտահերթ ընտրությունների կգնան նվազ ցնցումների պարագայում, իսկ դա կլինի այն ժամանակ, երբ ընդդիմությունը գա քննարկման ու գան համաձայնության. «Ասում են՝ կկեղծե՞նք ընտրությունները, ասում են այն մարդիկ, որոնք ամբողջ կյանքի ընթացքում ընտրություն են կեղծե՞լ, դա ծիծաղելի է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728