«Ինչպես նախորդ, այս իշխանությունները եւս չեն փորձում խաղահրապարակները պահել որպես խաղահրապարակներ եւ կառուցապատողներին առաջարկել համարժեք ուրիշ տարածքներ:
Առաջարկում եմ սկսեք խաղահրապարակների տարածքները սեփականաշնորհած սեփականատերերի հետ քննարկումներ եւ նրանց առաջարկեք ուրիշ տարածքներ»,-այսօր Երեւանի ավագանու նիստում ասաց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:
Ի պատասխան՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ տվյալ դեպքում խաղահրապարակը կառուցված է եղել ոչ թե համայնքային հողի վրա, այլ՝ բնակիչներից մեկի սեփականությունը հանդիսացող հողի տարածքում. «Այդ մարդը երեւի այլ ծրագրեր ուներ այդ հողի համար եւ դիմել է դատարան: Դատական գործընթացը բավական երկար է տեւել, մի քանի տարի եւ, ի վերջո, դատարանը որոշում է կայացրել՝ պարտադրել քաղաքապետարանին, որպեսզի այդ խաղահրապարակն այդտեղից հանվի»:
Կարդացեք նաև
Հայկ Մարությանն ասաց, որ իր հանձնարարությամբ վարչական շրջանի ղեկավարը եւ քաղաքապետարանի այլ պաշտոնյաներ փորձել են այդ սեփականատիրոջ հետ խոսել, քննարկել այլ տարբերակներ, սակայն այդ տարբերակները նրան դուր չեն եկել: «Մենք համայնքային հողեր շատ չունենք, եւ այդ առաջարկները շատ բազմազան չեն: Շատ հաճախ մեր առաջարկները չեն գոհացնում սեփականատիրոջը, եւ ինքն իր իրավունքներով շարժվում է առաջ: Տարիներ առաջ կառուցվել են խաղահրապարակներ, լավ բան է արվել, բայց կառուցվել է այլ սեփականատիրոջ տարածքում: Այդ սեփականատերը ինչ-որ մի օր, դատական գործընթացներով անցնելով, գալու էր նրան, որ իր տարածքից հեռացնելու էր խաղահրապարակը»,-ասաց Հայկ Մարությանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ