Աբովյանի անվան թիվ 1 դպրոցում կրքերը շարունակում են լարված մնալ: Նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանը ամեն օր ոստիկանների ուղեկցությամբ է դպրոց մտնում: Դասապրոցեսը խաթարված է, եւ ծնողների եւ մանկավարժների փաստմամբ՝ որեւէ քայլ չի կատարվում լիազոր մարմնի կողմից, որ իրավիճակը փոխվի:
Երեկ աշակերտները տնօրենի աշխատասենյակի դռան վրա փակցրել էին նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանի անունով պաստառ, որը տնօրենը պատռել է: Ոստիկաններն էլ հորդորեցին, որ ծնողներն ու շրջանավարտները դուրս գան շենքից, ինչն առաջացրեց շատերի դժգոհությունը:
Ֆեսյբուքյան ուղիղ եթերով դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը պարբերաբար տեղեկացնում է աշակերտների ու ուսուցչական կազմի բողոքի գործողությունների մասին` ընդդեմ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի:
«Հերիք եղավ, ինձ ճնշեք, պատասխան եք տալու»,-իր դեմ դուրս եկածներին սպառնաց նորանշանակ տնօրենը: Ապա հավելեց. «Բավական է հաճոյանաք ձեր ընկեր Բաբայանին, դուք ջանք ու եռանդ չեք խնայում, դուք ուսուցչի կերպարում չեք»:
Կարդացեք նաև
«Սիրո մունետիկի անունից հանդես եկող տնօրենը տեսեք ինչեր է ասում… Անգամ բառեր չեմ գտնում ներկայացնելու, դուք ինքներդ տեսաք…Առավոտ բարիլույսով ահա այս իրավիճակն է…Առավոտ շուտ եկավ նորանշանակ տնօրենը, վիրավորեց ուսուցիչներին, անվանեց ազդեցության տակ գտնվողներ եւ այլ բառեր ասաց…Ուսուցիչներին հունից հանում է, վիրավորում, ուսուցիչները փորձում են ոստիկաններին հորդորել, որ նրանք միայն մեկի պաշտպանությամբ հանդես չգան: Սա պետք է հասնի համապատասխան մարմիններին, որովհետեւ այլեւս անհանդուրժելի է, այն ինչ կատարվում է»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Հայկ Փայտյանը:
Թեմայի վերաբերյալ մեկնաբանություններն` առաջիկայում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը panorama.am-ից