Հայկական հետախուզական անօդաչու թռչող սարքերն արդեն փորձարկվել են եւ դրանց համար արտադրական հնարավորություններ կան, պատշաճ կիրառվել են, իսկ հարվածային անօդաչուներն անցնում են պետական փորձարկումներ, այնուհետեւ կանցնեն ռազմական փորձարկումների փուլը, որին կհաջորդի սերիական արտադրությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Ուզում եմ տարանջատենք կիրառումը արտադրությունից, այսինքն, այն միջոցները, որոնք տրամադրվել են մեր զինված ուժերին, դրանք կիրառվել են հատկապես հետախուզական ուղղությամբ։ Մյուս մասով փորձնական կիրառություններ են եղել»,-ասաց նախարարը։
Հարվածային եւ հետախուզական անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ նախարարն ասաց, որ գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական ծրագրերի շրջանակներում կային ֆինանսավորված տասնյակ նախագծեր․ «Դրանց մի մասն արդեն իրենց տրամաբանական ավարտին են հասցվում: Թե հարվածային, թե հետախուզական տեսանկյունից, արդեն իսկ արտադրական հնարավորությունների ենք հասնում: Հետախուզական ԱԹՍ-ները, որոնք իրենց պարամետրերով նմանատիպերին չեն զիջում, արդեն իսկ կարող են արտադրվել Հայաստանում, եւ դրանք մեր զինված ուժերը Արցախի պատերազմում լայնորեն կիրառել են»։
Պարոն Արշակյանի խոսքով՝ մենք կարիք ունենք, որ մեր առաջնագծի թիկունքում լինեն այնպիսի հնարավորություններ, որոնք կարողանում են մատակարարել առաջնագծի պահանջը․ «Եվ դա, կարծում եմ, շատ կարեւոր է։ Ինձ համար միշտ հարց է առաջացել՝ ինչո՞ւ այս պարզ խնդիրը լուծված չէ, չի եղել։ Նաեւ ուզում եմ համեմատական տանել՝ Ադրբեջանն այդպիսի բազմաթիվ գործարաններ ունի։ Մենք հիմա դա որպես առաջնահերթություն ենք որդեգրել եւ հնարավորինս Հայաստանում տեղայնացնում են ներմուծվող այն զինատեսակները, զինամթերքները, որոնք հնարավոր է այստեղ արտադրել։ Տարբեր տրամաչափի ականանետեր, ականներ, հրետանային միջոցներ եւ դրանց զինամթերքներ արդեն իսկ տեղայնացված է արտադրությունում»։
Կարդացեք նաև
Նախարարը վստահեցրեց՝ այն հնարավորությունները, որոնք ստեղծվել են, այս տարի արդեն իսկ ի վիճակի կլինեն մեր տեղական ռազմական պահանջարկն ամբողջությամբ բավարարել Հայաստանում․ «Դա վերաբերում է թե հրետանային միջոցների, թե ականանետերի, ձեռքի նռնականետերի եւ այլ ուղղությունների: Բավականին լուրջ ներդրումներ են կատարվել Հայաստանում: Եվ այս առումով մենք արդեն արտադրական պրոցես ունենք, եւ ունենք դրա ընդլայնման հնարավորությունը 2021 թվականին»:
Ռադարային տեխնոլոգիաները, որոնք օգտագործվում են հակաօդային պաշտպանության սարքերի ուղղությամբ, ինչպես վստահեցրեց նախարարը, դրանց հայկական մշակումները բավականին մեծ հաջողությամբ կիրառվել են․ «Այս ուղղություններով մենք շարունակելու ենք ֆինանսավորումները. ռադարային համակարգեր, կապի համակարգեր, օպտիկական եւ տեսադիտարկման, օպտիկալազերային համակարգեր: Օպտիկական տեսադիտարկման համակարգերի մասով մենք նույնպես ունենք բավականին լուրջ մշակումներ, արդեն իսկ արտադրական հզորություններ, առաջիկայում դրանք կընդլայնվեն, եւ ավելի մեծ հնարավորություններ կստեղծվեն թե մեր զինված ուժերի ձեռքբերումների տեսանկյունից, թե արտահանման տեսանկյունից»։
Պարոն Արշակյանը նաեւ վստահեցրեց՝ ռազմաարդյունաբերության ոլորտի պետական ֆինանսավորումն ավելացել է՝ 2017-ին արվել է 1.6 միլիարդ դրամի հատկացում՝ գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների համար, 2018-ին այս հատկացումն ավելացել է, հասնելով մինչեւ 2.4 միլիարդ դրամի, 2019-ին՝ 3.8 միլիարդ, իսկ 2020-ին՝ 3.3 միլիարդ դրամ, սրան գումարվել է լրացուցիչ 3.4 միլիարդ դրամ հատկացում՝ պատերազմի մեկնարկին զուգահեռ: Այս տարի նախատեսվում է 4.6 միլիարդ դրամ հատկացնել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ