Լրահոս
Օրվա լրահոսը

Վճռաբեկի նախագահի թեկնածուն՝ քաղաքական որոշումներ դակելու ու Հովսեփ Խուրշուդյանի քննադատության մասին

Փետրվար 09,2021 15:03

ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցն է: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ԱԺ-ում կարդաց Հովսեփ Խուրշուդյանի նամակը, որով տեղեկացրել է, որ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադեւոսյանը մեղսակից է «Սարի թաղի» գործով իր եւ այլ մարդկանց կալանավորման որոշումները ուժի մեջ թողնելու հարցում ու ինչպե՞ս է բացատրում քաղաքական տարբեր որոշումներ «ապօրինի դակելը»:

Թադեւոսյանը պատասխանեց, որ ծանոթ է խնդրին ու ՄԻԵԴ-ը հաստատել է ՀՀ միակողմանի հայտարարությունը, ինչը ենթադրում է, որ ՀՀ կառավարությունը ընդունել է խախտման փաստը. «Ավելին չեմ կարող մեկնաբանել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՄԻԵԴ-ի վճռի հիման վրա հետագայում Վճռաբեկ բողոք կներկայացվի՝ վերանայելու որոշումը: Կաշկանդված եմ»: Նա վստահեցրեց, որ բացառում է իր մասնակցությամբ որեւէ դատական ակտով քաղաքական գործոնը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը գովաբանեց. «Ուզում եմ բարձր գնահատել ձեր գերպրոֆեսիոնալ վարքագիծը, ուզում եմ հույս հայտնել, որ ձեր հետագա գործունեության ընթացքում գործի քննության ժամանակ կաշկանդված չեք լինի որեւէ բան բարձրաձայն ասելու ու վճիռ կայացնելու»:

Իսկ «Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանը Լիլիթ Թադեւոսյանին հարցրեց. «Շատ լավ եք ներկայացնում, գեղեցիկ եք խոսում, ճիշտ խուսանավում եք որեւէ գործի հանդեպ անձնական կարծիք հայտնելուց, որպեսզի չլինեք կողմնակալ ու ձեր կարծիքը չլինի կողմնակալ գործի վերաբերյալ, ես այդ ամենը հասկանում եմ: Բայց արտահայտություն եղավ՝ «հակասահմանադրական ճանապարհով իշխանություն վերցնել», այդ արտահայտությանը ձեր դիրքորոշում եւ կարծիք հայտնելը ի՞նչ կողմնակալ կերպ կարող է դիտարկվել, երբ բուն այդ արտահայտությունը հակասահմանադրական է ու քրեորեն պատժելի է: Քաղաքական գործիչը հայտարարություն է անում՝ մենք պետք է իշխանության հասնենք հակասահմանադրական ճանապարհով, ի՞նչն է խանգարում ձեր դիրքորոշմանը»: Թեկնածուն զարմացավ. «Դուք ուզում եք, որ ես իրավական գնահատակա՞ն տամ այդ արտահայտությանը»:

Պողոսյանը բացատրեց, որ նա թեկնածու է, ոլորտի ներկայացուցիչ, գիտնական, այդ արտահայտությունը հակաիրավակա՞ն է, հակասահմանադրակա՞ն է, քրեորեն պատժելի՞ է, թե՞ ոչ: Թադեւոսյանը պատասխանեց, որ ինքը կաշկանդված է դատավորի վարքագծի կանոններով. «Դուք ասում եք՝ չե՛ք արձագանքում քաղաքական գործչի հայտարարությանը, ես հակված չեմ արձագանքելու քաղաքական գործչին: Ես ձեր հարցը դիտարկում եմ բացառապես կոնկրետ գործի շրջանակներում»:

Նա ասաց, որ իր կարծիքը իր դատական ակտն է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728