Այսօր Գյումրու ավագանու հերթական նիստի ժամանակ քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանը տեղեկացրեց, որ Գյումրու բյուջեն ավելացել է։ Այն 2021 թվականին կազմում է 5 միլիարդ 237 միլիոն դրամ։
Ազատ միջոցների հաշվին էլ 10 տոկոսով բարձրացրել են ՀՈԱԿ-ների աշխատակիցների աշխատավարձը։ Ըստ Լենա Ջիլավյանի, քանի որ «զինվորի հարկն» ու կենսաթոշակային վճարումներն ավելացրել են, 10 տոկոս բարձրացման դեպքում աշխատակիցները գոնե կստանան իրենց նվազագույն աշխատավարձը, իսկ այդ հարկերը կընկնեն համայնքի վրա։
«Ասեմ, որ շատ ուրախալի լուր եմ հայտնելու, օրինակ՝ ես որպես ֆինանսիստ, բավականին լավ եմ զգում ինձ, որովհետև, երբ որ մենք եկանք աշխատանքի ու 2012 թվականին ընդունեցինք համայնքային բյուջեն, բոլորդ գիտեք, ընդունեցինք 1 միլիարդ 300 միլիոն պարտքով։ Մենք կարողացանք մեր աշխատանքները կազմակերպել այնպես՝ հաշվարկներով, տնտեսումներով, մի քիչ էլ ցիգանավարի, մինչև որ կարողացանք մեր պարտքերը տալ։ Միայն 260 միլիոն աշխատավարձի պարտք էինք ընդունել, ՀՈԱԿ-ների պարտքերն էին։
Պարտքերը մարելուց հետո մենք կարողացանք աշխատանքներ անել ու այս պահի վիճակով տարեվերջի մնացորդը կազմեց 1 միլիարդ 109 միլիոն դրամ։ Ճիշտ է՝ սրա մեջ մտել են նաև կառավարության կողմից տրամադրած սուբվենցիոն հատկացումները, բայց ամեն դեպքում մենք ինչքան ծախս անենք, սուբվենցիոն ծրագրերը հանած՝ մեզ կմնա ազատ միջոց 754 միլիոն։ Սա չտեսնված բան է պատերազմական իրավիճակի ու կորոնավիրուսի պայմաններում»,-ասաց բանախոսը։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լենա Ջիլավյանի լուսանկարը՝ shantnews.am-ի