Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով (նախագահող դատավոր Աննա Դանիբեկյան) փետրվարի 9-ի դատական նիստին նախագահող դատավորը հայտարարեց՝ դեռ 2019-ին դատարանը ստացել է գործով վկա Բաբկեն Մկրտչյանի միջնորդությունը, որով դիմում է դատարանին իրեն տուժող ճանաչել:
Բաբկեն Մկրտչյանի պաշտպան Զորայր Հարությունյանը դատարանի դահլիճում հիմնավորեց՝ ինչու են ցանկանում, որ իր վստահորդը ստանա տուժողի դատավարական կարգավիճակ: Նա նշեց. «Բաբկեն Մկրտչյանը հանդիսանում է մարտի 1-ի դեպքերից առավել շատ մարմնական վնասվածքներ ստացած և ողջ մնացած ոստիկանության ծառայող: Նա այդ վնասվածքների պատճառով ստացել է 3-րդ կարգի հաշմանդամություն: Բաբկեն Մկրտչյանը մայր քրեական գործով ևս հանդիսանում է տուժող»:
Կողմերն ասացին՝ առարկություն չունեն միջնորդության հետ կապված:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը, թեև չառարկեց, բայց հայտարարեց՝ չի առարկում, քանի որ չի ցանկանում միջնորդությունն արհեստական քննարկման առարկա դարձնել ու շարունակեց. «Մեղադրանքն ինքնին գոյություն ունենալ չի կարող, տուժող լինել չի կարող»:
Կարդացեք նաև
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը հայտարարեց. «Պնդում եմ, որ որևէ անձ այս գործով սահմանադրական տապալումից չի կարող լինել տուժող, բայց Դուք Ձեզ կանգնեցրել եք որևէ իրավական սխալ կատարելու երկընտրանքի առաջ: Կամ տուժող ճանաչում եք, սխալ է, կամ տուժող չեք ճանաչում, խտրական մոտեցում եք ցուցաբերում»:
Դատարանը որոշեց հետաձգել միջնորդության քննությունը մինչ գործում առկա բոլոր ապացույցների հետազոտությունը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ