Չնայած 2020 թվականին կորոնավիրուսի համավարակին եւ պատերազմին, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ընկերությունների շրջանառությունն աճել է 20.6 %-ով եւ կազմել շուրջ 198 միլիարդ դրամ, այս ցուցանիշում ներառված չեն կապի օպերատորները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ Ըստ նրա, ոլորտում ներգրավված աշխատակիցների թիվն աճել է 22 %-ով, նրանց թիվը կազմել է 18 հազար 747:
Պարոն Արշակյանի փոխանցմամբ՝ ոլորտի ակտիվ ընկերությունների թիվը նույնպես աճել է, գործում են 1228 ակտիվ ընկերություններ, անցյալ տարի 192 նոր ընկերություններ ստացել են հավաստագրեր, որոնք կօգտվեն հարկային արտոնություններից։
Նախարարն ասաց, որ հայկական ստարտափերն Հայաստանում ունեն իրենց գիտահետազոտական կենտրոնները․ «Սա նշանակում է, որ Հայաստանում ստեղծվել են գիտատար պրոդուկտներ եւ ընկերություններ, որոնք կարողացել են այնպիսի արդյունքներ ցուցաբերել, որ հետաքրքիր են դարձել վենչուրային ներդրողների եւ այլ ներդրողների համար: Եվ իրենց այդ գիտելիքահեն պրոդուկտների միջոցով կարողացել են ներգրավել շուրջ 50 միլիոն դոլարի ներդրումներ՝ հիմնականում արտասահմանից»։
Հակոբ Արշակյանը նաեւ վստահեցրեց, որ ոլորտի ընկերությունների վճարած հարկերն էլ աճել են 14%-ով, դրանք մոտ 41 միլիարդ դրամ են: Նա վստահեցրեց, որ ոլորտն ակտիվորեն աճում է եւ դիմորդներին կոչ արեց ընտրել ինժեներական ուղղությունները։ Նա ասաց, որ բարձր տեխնոլոգիաների բնագավառում ընդգրկված աշխատակիցների աշխատավարձերն էլ ցածր չեն, օրինակ՝ 2019-ին միջին աշխատավարձն առանց հարկերի կազմել է 544 հազար դրամ, իսկ անցյալ տարի՝ 580 հազարից ավելի։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ