Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Մոնթե Մելքոնյան. նրանցից Ադրբեջանում սարսափում են». Անժելա Էլիբեգովա

Փետրվար 09,2021 13:55

«Հետպատերազմյան ընթացքում իշխանությունը փոխել է իր աշխատանքի մեթոդաբանությունը. հանրության ինքնապաշտպանողական բնազդները, զգոնությունը հետեւողականորեն բթացնում են եւ հանրության մեջ ներարկում են թեզեր, գաղափարներ, որոնք մեզ առհասարակ խորթ են: Ադրբեջանական եւ թուրքական քարոզչության այն հիմնական թեզերը, որոնք մենք տարիներ շարունակ հերքել ենք, ապատեղեկատվությունը, որոնց դեմ պայքարել ենք տարբեր, այդ թվում նաեւ միջազգային հարթակներում, այսօր մեզ փորձում են հրամցնել մեր իսկ իշխանությունները: Սկսենք`Շուշին`Շուշա անվանելու անընդունելի ձեւակերպումից, վերջացրած այն հարցադրումներից`արդյոք Շուշին հայկական է»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ տեսակետ հայտնեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան`անդրադառնալով հետպատերազմյան շրջանում Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, որոնք միտված են Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերություններին, իշխանության որդեգրած կեցվածքին:

Փորձագետի համար անընկալելի է իշխանության որդեգրած դիրքորոշումը, երբ իրենց հայտարարությունների իբր հիմնավորում, խոսում են խորհրդային շրջանի ժողովրդագրական իրավիճակի մասին, սակայն չեն խոսում այն մասին, որ այդ ժողովրդագրական վիճակը հայերի ջարդերի արդյունք է: «Դա ապազգային քաղաքականության մարմնավորում եւ դրսեւորում է, որովհետեւ Ադրբեջանը տարածում է այդ ամենը` ասելով`տեսեք`Հայաստանի իշխանությունը մեր թեզերով է առաջնորդվում`ասում է այն, ինչը մենք տարիներ շարունակ հայտարարել ենք: Իրենք մեզ հետ համաձայն են»,- ասում է փորձագետը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի եւ իրողությունների վրա, որում մենք պետք է ապրենք այս իշխանության գնալուց հետո, երբ Ադրբեջանի հետ տեղեկատվական պատերազմը շարունակվելու է եւ միջազգային հարթակներում մեզ անընդհատ «դեմ են տալու» Նիկոլ Փաշինյանի եւ իր շրջապատի անհեթեթ հայտարարությունները: Նման թեզեր ընդունել եւ դրանցով առաջնորդվել, ըստ բանախոսի, չի կարող որեւէ գիտակից, արժանապատվություն ունեցող, պատմություն իմացող հայ:

«Արդեն մառազմի եւ աբսուրդի այնպիսի գագաթնակետի ենք հասել, որ մենք ստիպված ենք մեր իսկ ներսում նման բանավեճ վարել եւ բացատրել իշխանությանը` ինչո՞ւ են իրենք խոսում հիմարություններ»,- ասաց նա`հավելելով, որ ամենացավալին այն է, որ գտնվում են մարդիկ, որ հավատում են իշխանության հրամցրածին, քանի որ վատ գիտեն պատմություն:

Խոսելով Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների մասին, ինչի քարոզը տանում է իշխանությունը եւ Նախիջեւան-Երեւան-Բաքու երկաթգծի գործարկման համատեքստում սպասվող տնտեսական օգուտների մասին, փորձագետն ասաց. «Դա բացարձակ անհեթեթություն է, որ Հայաստանը ինչ-որ ձեւով ինչ-որ տնտեսական շահ ունենա այդ ծրագրերից, որովհետեւ Ադրբեջանը եւ Թուրքիան որեւէ պարագայում թույլ չեն տա, որ Հայաստանը երբեէ կարողանա տնտեսական ինչ-որ շահ ունենալ, վերականգնել տնտեսությունը, ամրանալ եւ ապահովել իր անվտանգությունը: Դրա մասին պետք է մոռանալ: Հակառակը, իրենք հնարավորինս փորձելու են քամել մեր տնտեսությունը, տնտեսական էքսպանսիայի ենթարկել մեր տնտեսությունը, վերջնականապես սպանել եւ խեղդել: Իրենց հետագա պլանները շատ ակնհայտ են, իրենք դա նույնիսկ չեն թաքցնում»:

Միաժամանակ, փորձագետի գնահատմամբ, Ադրբեջանում հաղթանակի էյֆորիան մեկ տարի հետո կհանդարտվի, քանի որ, իր գնահատմամբ`Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված տարածքներում ներդրումները գնալու են այդ երկրի ժողովրդի գրպանից: Ըստ նրա, բոլորն են հասկանում, որ առջեւում դեռ պատերազմ կա եւ այդ տարածքներում ներդրումներ անել չեն ցանկանա:

Դիտարկմանը, որ հայկական կողմը մեծ հարստություններ է թողել այդ տարածքներում`ՀԷԿ-եր, գինու, օղու գործարաններ, պատրաստի այգիներ, ուստի խոշոր ներդրումների կարիք էլ չկա, փորձագետը հակադարձեց, որ երբ Ալիեւը խոսում է ներդրումների մասին, բավականին զգուշավոր է խոսում Հադրութի շրջանի մասին. «Հասկանում են, որ դա իրենց տարածքը չէ եւ խնդրահարույց է: Բացի այդ, երբ դու ստանում ես ինչ-որ ենթակառուցվածք, որը պատերազմի արդյունքում վնասվել է եւ պետք է ամբողջությամբ վերակառուցվի, նաեւ պետք է կարողանաս այն ինչ-որ կերպ ինտեգրել քո տնտեսական համակարգին, ներդրումներ պետք են: Օրինակ, Աղդամ քաղաքը. որպեսզի վերաբնակեցնեն, պետք է ամբողջությամբ կառուցեն`ջուր, գազ, էլեկտրականություն եւ այլն, ինչի գումարն Ադրբեջանն այսօր չունի: Իրենք հողը նվեր ստացան, փաստացի, բայց չունեն գումար, որպեսզի վերակառուցեն եւ արագ վերաբնակեցնեն»:

Նաեւ` Ադրբեջանը ստացավ մեծ տարածքներ, բայց միջին վիճակագրական ադրբեջանցին, փաստացի ոչինչ չի ստանում դրանից եւ հանրության մոտ բազում հարցեր դեռ պոռթկալու են, ինչը զսպելու համար է Ալիեւը նոր քարոզչական թեզեր առաջ քաշում`Սյունիք, Երեւան եւ այլն: Ըստ բանախոսի, Ադրբեջանը կամ շատ արագ եւ կիսատ-պռատ տարբերակով պետք է վերաբնակեցնի այդ տարածքները, որտեղից մարդիկ շատ արագ էլ կփախչեն, կամ, երկարաժամկետ ծրագրեր պետք է իրականացնի, ինչը դարձյալ բարդ է, քանի որ Բաքվի բարեկեցիկ կյանքից հետո, մարդիկ դժվար թե համաձայնվեն վերաբնակվել այդ տարածքներում: Հարցն այն է, որ Ադրբեջանում, փախստականի կարգավիճակով այդ մարդկանց պահել են`տարբեր արտոնություններով, հիմա զրկելու են այդ կարգավիճակից եւ ստիպողաբար վերադարձնելու են այդ տարածքներ, ինչը հանգեցնելու է մեծ արտագաղթի:

Փորձագետը կարեւորում է նաեւ այն, որ այդ տարածքները չբնակեցվեն սիրիացի վարձկաններով, մանավանդ, ահազանգեր կան: Նաեւ, այս ամենի համատեքստում, ոչ պակաս կարեւոր է համարում Հայաստանի դիրքավորումը. եթե հիմա այս չկանխարգելենք դա`ունենալու ենք աղետալի պատկեր, իսկ իշխանությունը, պետությունը ոչինչ չի անում այդ խնդիրների լուծման հիմքերը դնելու համար: Մինչդեռ հոգեբանական եւ ինքնագիտակցության կայացման առումով, գտնում է, որ կատարվածը Ադրբեջանի համար լուրջ ձեռքբերում էր:

Անժելա Էլիբեգովան նկատում է`եթե Ադրբեջանը պատրաստ լիներ խաղաղ գոյակցության, այսօր հայկական կողմը գերիների խնդիր չէր ունենա:

«Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Մոնթե Մելքոնյան. այս երեք անձինք Ադրբեջանի միֆական քարոզչության մեջ իրենց ահը, սարսափն ու վախն են եղել միշտ: Դրանով է պայմանավորված, որ Իլհամ Ալիեւը դեռահասի վարք է դրսեւորում`ինչ-որ ցուցանակ է կոտրում ոտքով եւ ասում է` Նիկոլը ոչինչ է, ես հաղթեցի Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին: Դա իր բարդույթների դրսեւորումն է, երբ հասկանում է, որ ոչ ինքը, ոչ հայրը տասնամյակներ դա չեն կարողացել անել»,- ասաց փորձագետը` հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանի`քաղաքականություն վերադառնալու հայտարարությունից հետո, Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որ ՀՀ ներկայիս իշխանությունը մնա, քանի որ Հայաստանի ամրանալը, անվտանգության նոր հիմքեր դնելը Ադրբեջանին ձեռնտու չէ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728