«Մի անգամ զանգեց, ասաց՝ մա՛մ թուրքի գեղերից եմիշ եմ գողացել, տանեմ տղերքով ուտենք, սոված ենք»,-Aravot.am-ի հետ զրույցում իր եղբոր՝ Հայկ Հակոբյանի ծառայությունից դրվագներ հիշեց նրա քույրը՝ Անահիտ Հակոբյանը:
Հայկ Հակոբյանը ծնվել է 1997 սեպտեմբերի 17-ին՝ ՀՀ Շիրակի մարզի Աշոցք գյուղում: Ընտանիքում երկու երեխա էին՝ Անահիտն ու եղբայրը: Հայկն ավագն էր: Քույրն ասում է՝ եղբայրը նոր տուն գնելու մտադրություն ուներ, որ ամուսնանար, բայց պատերազմն ընդհատեց նրա բոլոր ծրագրերը: Հայկի աճյունն ամփոփված է Աշոցքի պանթեոնում:
Հայկ Հակոբյանը զոհվել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ՀՀ-ի և Արցախի դեմ սանձազերծված 2-րդ արցախյան պատերազմի ընթացքում: Նա մասնակցել էր նաև Ապրիլյան քառօրյա պատերազմին:
Հայկն աշխատում էր ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում: Սեպտեմբերի 29-ից ծառայությունն անցկացրել է Հորադիզում: Դպրոցն ավարտելուց հետո՝ 2015-ին, Հայկն ընդունվել էր Ճգնաժամային կառավարման ակադեմիա, հետո ծառայել Ասկերանում, երբ զորացրվել է, այդ ժամանակ էլ աշխատանքի է անցել ՀՀ Սահմանապահ զորքերում:
Կարդացեք նաև
Անահիտը նշեց՝ աշխատանքի բերումով եղբայրը Ճգնաժամային կառավարման ակադեմիայից դուրս է եկել ու ընդունվել Շիրակի պետական համալսարան. ուսումնառությունը շարունակել է ռազմագիտության ոլորտում: Երկրորդ կուրսն այս տարի էր ավարտելու:
Անահիտը պատմեց՝ պատերազմի ընթացքում ամեն օր՝ օրը մեկ-երկու անգամ, խոսում էին. նա միշտ հուսով էր, որ տուն է գալու. «Միշտ հարցնում էր՝ ի՞նչ է կատարվում, ի՞նչ են ասում, ե՞րբ է վերջանալու այս ամենը. լուրերով ի՞նչ են ասում: Եղբորս տրամադրությունը շատ բարձր էր»:
Սակայն հոկտեմբերի 19-ից ընտանիքը Հայկից տեղեկություն չի ունեցել: Քույրն ասաց՝ միայն իմացել են, որ սահմանապահ զորքերի մեքենա է պայթել, բայց չգիտեին՝ որն է: Անահիտը հիշեց. «Ասում էին՝ իրենց զորքինն է: Հերթով իր բոլոր ընկերների դիերը բերեցին: Դրանից հետո՝ հունվարի 5-ին, ԴՆԹ անալիզով իրեն գտանք: Պարզվեց՝ ինքն էլ է եղել այդ մեքենայի մեջ: Անօդաչուի հարվածից մեքենան վառվել էր, ու իր տասնվեց ընկերներն էլ մեքենայի մեջ էին եղել: 17-ն այրվել էին, միայն երեքն էին փրկվել»:
Քույրը ցավով հիշեց՝ Հայկի աչքի առաջ նրա երկու ընկերները զոհվել էին ու շարունակեց. «Այդ օրերին էր զանգել, դեռ գյուղում խոսակցություն չկար, որ տղաները զոհվել են: Երբ Հայկը զանգել էր, լաց էր լինում. ես 20 տարվա մեջ եղբորս թեկուզ մեկ անգամ լաց լինելուց չէի տեսել: Այդ ժամանակ բոլորիս հաջողություն արեց: Երևի տղերքի զոհվելուց էր ազդվել, մտածում էր՝ հնարավոր է՝ իրենց հետ էլ ինչ-որ բան լինի: Հենց իր զոհվելու օրն՝ առավոտյան՝ ժամը 10-ի կողմերը, մայրիկիս ու հայրիկիս հետ խոսել է: Դեպքը տեղի է ունեցել ժամը 15.00-ին: Հայրիկիս ասել է՝ պա՛պ, դիրքեր ենք բարձրանում, մի քանի օր չզանգես: Եթե ես էլ չզանգեցի, չխառնվեք իրար. ուր գնում եմ՝ կապ չկա: Ու այդ օրվանից վախն ընկավ մեր մեջ, ու եղբորիցս լուր չունեցանք»:
Քույրն ասաց՝ ընկերների պատմելով՝ Հայկը հերոսաբար կռվել է. «Նա տղերքի դիակները փախցրել է, որ թուրքի տարածքում չմնան, բերեն, հասցնեն ծնողներին: Մյուս ընկերոջը դիրքերից է իջեցրել: Երբ եղբորս հագուստը լրիվ արյուն է եղել, տղերքն ասել են՝ փոխվիր, ո՞ւր ես գնում: Նա պատասխանել է՝ արյունն արյունով եմ լվանում, մինչև տղերքի ոխը չհանեմ, չեմ հանգստանա»:
Հետաքրքրվեցինք՝ երբ ժամանակին Հայկն ընտրել էր զինվորականի աշխատանքը՝ տանը դեմ չէի՞ն. ինչպե՞ս ընդունվեց նրա այդ որոշումը: Անահիտը վստահեցրեց՝ եղբայրը ոչինչ չէր անում առանց ծնողների հետ խորհրդակցելու, զինվորական համազգեստն էլ այնքա՜ն էր նրան սազում:
Ընկերասեր, աշխատասեր. այսպես են բնորոշում հարազատները Հայկին: Քույրն ասաց՝ միշտ փորձում էր ծնողներին օգնել, 12-13 տարեկանից աշխատում էր ամառային արձակուրդներին կամ հանգստյան օրերին:
Հայկին ծառայակից ընկերներն «արջուկ» էին ասում՝ քայլվածքի համար: Մի օր սնունդ չեն ունեցել, ինքը թաքուն անտառների միջով գնացել, սնունդ է բերել այնպես աննկատ, որ թշնամին նրան չի տեսել:
Այդ օրվանից նրա մականունը «արջուկ» է մնացել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Հայկ Հակոբյանի քույրը՝ Անահիտ Հակոբյանը: