«Նիկոլ Փաշինյանի վարչապետության կամ վարչական լծակ ունենալու դեպքում անիմաստ է ընտրությունների գնալը, որովհետեւ եթե Նիկոլ Փաշինյանն ի վիճակի է իրեն թույլ տալ ամենահասարակ առիթներով օգտագործել ուժային կառույցներն իր ժողովրդի դեմ, ես պատկերացնում եմ, թե նա ինչ վայրագությունների հանձնարարություններ է տալու ընտրությունների օրը, որպեսզի կարողանա իր իշխանությունն անմահացնել: Անգամ ուժային կառույցներն օգտագործելու պայմաններում ինքը հասկացել է իր վարկանիշը որքան ցածր է, ուղղակի խուսափեց ընտրություններից»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
Մենք ճշտեցինք՝ կարծում եք, Նիկոլ Փաշինյանը ընտրակեղծիքների՞ կգնա՝ նա պատասխանեց, որ այլ տարբերակով չի կարող վերընտրվել. «Եթե ֆեյքերը, մեզ հայհոյողները չլինեն՝ նա ընդհանրապես վարկանիշ չունի: Քաղաքական քինախնդրության հարց չկա, 7000 երեխա է զոհվել՝ իր անհեռատես քաղաքականության արդյունքում: Նա ոչ թե կոնկրետ ԲՀԿ-ից, ՀՅԴ-ից, կամ ՀՀԿ-ից, այլ ժողովրդից է փախած: Մենք այդպիսի ղեկավար չենք ունեցել, որ վախենալով, անձրեւանոցների տակ, զրահապատ չգիտեմ ինչերով մտնի Եռաբլուր: Այնպես չի, որ նախկին ղեկավարներին դրել ենք գլխներիս վրա կամ ման ենք տվել: Ամեն մեկն էլ ունեցել է իր թերությունները, քննադատել ենք ողջամտության սահմաններում: Բայց Նիկոլ Փաշինյանը միակ ղեկավարն է, որ Եռաբլուր է մտնում՝ փախնելով, դուք գնահատեք՝ սա ինչ է նշանակում: Մի քանի օր առաջ ասում էր՝ չեք վստահում, ուզում եք ստուգեք իմ արածների լեգիտիմությունը՝ եկեք գնանք արտահերթ ընտրությունների: Հլը մի հատ էլ ընդդիմությանը ամոթանք սկսեց տալ, թե ինչի՞ եք վախենում: Ընդամենը մի քանի օր հետո կանգնեց ասեց՝ ոչ, մենք արտահերթի չենք գնում: Ե՞րբ է նա ընդդիմության կարծիքը հաշվի առել: Այստեղ էլ իրեն բնորոշ ցածր ուղիներով ճողոպրում է: Այսինքն, ինքը շատ մեծ վճռականություն ուներ արտահերթն անելու ու հանկարծ անսաց ընդդիմության ձայնի՞ն, լավ, ամոթ է: Վարկանիշի կտրուկ անկում կա, ինքը այսօր չի կարող հելնել, առանց թիկնազորի հասարակության մեջ ման գալ»:
Իսկ թե ինչ է առաջարկում ընդդիմությունը՝ Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Այսօր ԱԺ-ն չի տապալել պատերազմը: Ինքնահռչակ Նիկոլ Փաշինյանը սկզբում բերանը ծռած ասում էր՝ հլը կասկածող լինի, ո՞վ է կասկածում իմ՝ հրամանատարական ունակությունների վրա, մի քանի օր հետո կանգնեց ասեց՝ խի մարտը ե՞ս եմ վարել: Իր հակասականությունը, խոսքերի անհամապատասխանությունը այլ ելք չի թողնում: Էլի թող ԱԺ-ն ցրվի, այնպես չի, որ մենք մանդատներից կառչած ենք, մենք էինք մի պահ ասում՝ եկեք նոր ընտրություններ անենք, որովհետեւ 2018-ին ժողովուրդը զգացմունքային ընտրություն արեց…Մենք էլ ենք ասել՝ սառնասիրտ ընտրություն անենք, ժողովուրդը էյֆորիայից դուրս ընտրություն կանի, բայց մի պայմանով՝ Նիկոլ Փաշինյանը չպետք է ունենա վարչական լծակ: Ես առաջ չէի հավատում, որ ինքը այդքան պաշտոնամոլ մարդ է, անկեղծ, գիտեի, որ Նիկոլ Փաշինյանը իսկապես հայրենասիրական նկրտումներով է գալիս իշխանության: Բայց այդ մարդը ցույց տվեց, որ զոդվել է աթոռին ու հենց պաշտոնից ազատվեց՝ աթոռն էլ հետն է քարշ տալու: Այդ մարդը մի օրում շուռ եկավ ու «իրանց քայլականներին» հավաքեց, ասեց՝ չէ, արտահերթ ընտրության չենք գնում: Լավ, այսպիսի անլուրջ մոտեցում կարելի՞ է՝ պետական կառավարման գործընթացի նկատմամբ: Չի կարելի ժողովրդին անընդհատ ցայտնոտի մեջ պահել, մի օր մի բան ասել, մի օր՝ ուրիշ բան»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ