Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Ի՞նչ է պատահԵլ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, ինչո՞ւ է նա փախել այսօրվա նիստին մասնակցելուց». Արման Բաբաջանյան

Փետրվար 09,2021 12:22

ԱԺ նիստում քննարկվում է Վճռաբեկ դատարանի նախագահի թափուր պաշտոնի համալրման հարցը: Առաջարկվել է Լիլիթ Թադեւոսյանի թեկնածությունը:

ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Ստեփան Միքայելյանն էր ներկայացնում թեկնածուին: Նրան «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հարցրեց «վնգստացող» դատավորներից. «ԲԴԽ-ն, իմանալով դատարանների անցյալի մասին՝ ինչ-որ բան ձեռնարկո՞ւմ է: Մենք ունեցել ենք մի եղելություն ու անցել ենք մի այլ եղելության, որտեղ դատավորին ոչ մեկը բան չի ասում ու այդ դատավորը չգիտի ինչ որոշումներ կայացնի այսօր: Պե՞տք է լինի անցումային փուլ, թե՞ չպետք է լինի»:

Միքայելյանը պատասխանեց. «Այն դատավորը, որը պետք է ինչ-որ մեկից ինչ-որ ցուցում կամ կողմնորոշիչ տվյալներ ստանա, ուրեմն պետք չի, որ այդ դատավորը դատավոր աշխատի: Ինչ վերաբերում է ԲԴԽ-ին, 2018-ի ապրիլից հետո է այն սկսել իր գործունեությունը իրականացնել: Այս ամբողջ ժամանակահատվածում քաղաքացիական թեւն է իմը, այդ թեւում նման գործընթաց չունենք, կարծում եմ, քրեականում էլ չկա: Իսկ վաղ անցյալում կամ մինչեւ 2018-ը թե ինչ գործընթացներ են տեղի ունեցել, դե, հիմա բոլորս գնում ենք դեպի պրոգրեսիվ զարգացում ու այդ զարգացման արդյունքում այսօր կարող եք ասել, որ նման մտավախություն պետք չի, որ դուք ունենաք: Հաստատապես չկան համակարգային իրավիճակ, որ լինի զոնալ դատավոր»:

Արման Բաբաջանյանը նախ դիմեց Նիկոլայ Բաղդասարյանին. «Որ այստեղ հարց եք բարձրացնում ԲԴԽ-ի ու իր լիազորությունների վերաբերյալ, հենց մեր տիրույթում էր նաեւ եւ դուք մերժում էիք ձեր նախարարի հետ անընդհատ այն բարեփոխումները, որոնք պիտի արվեին՝ ԲԴԽ-ում առողջ միջավայր ստեղծելու համար: Այս հարցերը, հատկապես իշխանական ֆրակցիայի կողմից պատշաճ չէ, որ հնչեն»:

Հետո Բաբաջանյանը Միքայելյանին հարցրեց. «Անցած երկուշաբթի օրը ձեր ԲԴԽ նախագահը ողջ-առողջ եկել է աշխատանքի՝ մինչեւ ուրբաթ ներառյալ: Հանկարծ մեկնել է արձակուրդ: Ի՞նչ է պատահԵլ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, ինչո՞ւ է նա փախել այսօրվա նիստին մասնակցությունից ու ինչո՞ւ եք դուք համաձայնել ներկայացնել այստեղ շատ կարեւոր քննարկման առարկա Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածությունը»:

Միքայելյանը պատասխանեց, որ իր համար պատիվ է իր գործընկերոջը ներկայացնել, նա մի մարդ է, ով եղել է իր գործընկերը ու նրա հետ ճանապարհ է անցել. «Ինչ վերաբերում է Վարդազարյանի այսօրվա չմասնակցելուն, ասեմ՝ ինձ ասել են, որ առողջական խնդիրների հետ է կապված: Իր հետ հեծանիվով վարելու ընթացքում վնասվել էր ու ողնաշարի հատվածում պարբերաբար բժշկական միջամտությունների կարիք է զգում պրոֆիլակտիկ: Այս պայմաններում պարոն Վարդազարյանը իմ կարծիքը հարցրեց՝ արդյոք համաձայն կլինե՞մ ներկայացնեմ տիկին Թադեւոսյանին, ես էլ համաձայնեցի սիրով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728