Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք պրոբլեմներ ունեք». Էդմոն Մարուքյանը՝ Լուսինե Բադալյանին ու Մակունցին

Փետրվար 09,2021 12:08

Այսօր, ինչպես տեղեկացրել ենք, ԱԺ հերթական քառօրյայի մեկնարկին ընդդիմադիր պատգամավորները դժգոհություն հայտնեցին, որ իշխանական մեծամասնության բերած օրակարգը ներկայիս իրավիճակին համահունչ չէ:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ ընդդիմությունը կարող է ինքը հանդես գալ նախաձեռնություններով, իրենք էլ կողջունեն. «Ինչ վերաբերում է առաջնահերթություն ներկայացնող խնդիրներին, դրանք ոչ միայն օրենսդիր դաշտում են, այլ նաեւ այլ հարթություններում՝ բանակցային, կառավարության գործունեության մեջ: Կան այլ առաջնահերթություններ, որոնք չպետք է անտեսվեն: Որեւէ ինստիտուտ չպետք է պարապուրդի մատնվի, առավել եւս, եթե պետական բյուջեից են սնվում»:

«Իմ քայլից» Լուսինե Բադալյանը ելույթ ունեցավ ու ասաց, որ ընդդիմությունն իր դժգոհությունը կարող էր հայտնել ԱԺ խորհրդի նիստում, ինչը չի արել, որովհետեւ չի մասնակցել. «Ամեն նիստերից առաջ՝ դուք չեք բերել այս հարցը, դուք չեք բերել այն հարցը, բերեք դո՛ւք: Նախապես քննարկեք: Մենք էլ ենք բերում առաջարկություններ, որոնք չեն ընդունվում ԱԺ-ի կողմից: Պետք չի սրանից շոու սարքել: Գալիս եք, ասում եք՝ սրա համար ավելի շատ ժամանակ ծախսեցինք, բայց ո՞վ բարձրացրեց այդ հարցը՝ մե՞նք: Դուք բարձրացրեցիք, հետո բողոքում եք, որ մենք քննարկում ենք ձեր բարձրացրած հարցերը»: Բադալյանը հորդորեց կառուցողական լինել:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հակադարձեց. «Որ խոշորացույցով ման գաք, մեզանից ավելի կառուցողական մարդ կգտնե՞ք: Ի՞նչ շոու, ես ուղղակի ապշած եմ: Մեկը ասում է՝ պետք է ձեզ գնդակահարել, ասում եք՝ կալանավորել: Սա ուզում է մեզ գնդակահարի: Մյուսներն ասում են՝ եկեք օրակարգում հարցը քննարկենք, ասում եք՝ դուք կառուցողական չեք: Ինչ ասեմ, դուք ծայրահեղությունների մեջ եք: Դուք պրոբլեմներ ունեք»:

Նա հիշեցրեց, որ իրենք առաջարկել էին պարիտետային քննիչ հանձնաժողով ստեղծել՝ իմքայլականները թույլ չտվեցին. «Մարդիկ ուզում են իմանալ՝ ինչպես են տապալել զորահավաքային համակարգը, զինկոմիսարիատներն ինչպես են աշխատել»:

Մակունցը հորդորեց զերծ մնալ կեղծ տեղեկատվություն հանրությանը հրամցնելուց ու հորդորեց մտնել Parliament.am ու տեսնել, թե ԼՀԿ-ից քանի նախագիծ է ընդունվել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728