Իմքայլական պատգամավոր Կարեն Սարուխանյանն ասում է, որ մարդկանց բավական մեծ հատված, իմքայլականների հետ շփումներում, պահանջում է չգնալ արտահերթ ընտրությունների։ Մեր զրույցը Սարուխանյանի հետ։
– Իսկ կարո՞ղ է էլ ընտրություններ չեք ուզում անել երկրում, մինչեւ հիմա գիտեինք, որ հանրային պահանջն ընտրություններով են ստուգում, պարզվեց, որ ոչ՝ կարելի է հարցումներ անել, փողոցներում շփվել․․․
– Եթե հիշում եք, իշխանությունն առաջարկեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Քաղաքական առումով մեր օպոնենտները խորհրդարանական երկու ֆրակցիաներն են, որոնք ստացել են ժողովրդի ձայնը եւ գործուղվել ԱԺ։ Բայց մեր առաջարկը չընդունվեց ընդդիմության կողմից։ Հիմա մենք հո չե՞նք գնալու միայնակ ընտրություն անենք վերահաստատելու համար։ Եթե գային համաձայնության, այդ դեպքում կգնայինք։
– Հայաստանում երեք ո՞ւժ կա, մնացածը ոչի՞նչ, որ դժգոհ են։
Կարդացեք նաև
– Բա մենք ո՞ւմ հետ պետք է բանակցեինք, 17-18, չգիտեմ էլ քանի հոգի հավաքված կաշառակերների՞, նախկին թալանչիների՞։
– Հիմա ԲՀԿ–ն կաշառակե՞ր է, թե՞ կաշառակեր չէ, նա ե՛ւ 17-ի մեջ է, ե՛ւ ձեր բանակցային գործընկերն է։
– ԲՀԿ-ն էլ է եղել իշխանություն, ինքն էլ է կիսում երկրում կատարվածի պատասխանատվությունը։
– Բա ո՞նց էիք բանակցում։
– ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, ունի որոշակի ընդդիմադիր ձայներ եւ այսօր ներկայացնում է ԱԺ-ում ուժ։ Իսկ նրանք ինչո՞ւ չէին ուզում, որովհետեւ գիտեին, որ եթե ընտրություն ուզեն, նույնիսկ երեւի չանցնեն խորհրդարան կամ այսքան պատգամավորներով չանցնեն, որքան հիմա ունեն։
– Ի դեպ, ԲՀԿ–ից հայտարարեցին, որ նոյեմբերի 9-ից հետո արտահերթ ընտրությունների օրակարգ չեն ունեցել։ Շաքե Իսայանը, մասնավորապես, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որ իրենց պահանջը մեկն էր՝ «երկիրն անշեղորեն պատերազմի եւ պարտության տարած անձի հրաժարականը» եւ կառավարության անցնցում փոխանցումը ժամանակավոր կառավարությանը։ Այսինքն, արտահերթ ընտրությունների առաջարկը եղել է ձերը, մերժումը՝ եւս։ Ինչո՞ւ էիք ընտրություն առաջարկում։
– Իրենք 70 տոկոս ստացած ուժից պահանջում էին վարչապետի հրաժարական, վարչապետը հրաժարական չի տալու, որովհետեւ հանրային պահանջ չկա, հետո՝ ամեն մեկի պահանջածին պիտի վարչապետը բավարարի՞։ Ժողովուրդը նման պահանջ չունի, ինչի՞ պիտի հրաժարական տա։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: