Այսօր ԱԺ հերթական քառօրյայի մեկնարկին ընդդիմությունը դարձյալ դժգոհություն հայտնեց իշխանական մեծամասնության բերած օրակարգի վերաբերյալ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն ասաց. «4 տարի, 8 ամիս, 19 օր ու 12 ժամ. սա այն ժամանակն է, որի ավարտից հետո Ադրբեջանի ղեկավարը կարող է տխրահռչակ հայտարարության հիման վրա դուրս բերել ՌԴ խաղաղապահ ուժերին ու այն ժամանակն է, որ մենք պետք է օգտագործենք, որ պատրաստ լինենք նման հավանական զարգացման: Հիմա ուզում եմ հասկանալ՝ մեր ժամանակահատվածն արդյունավետ օգտագործո՞ւմ ենք, թե՞ ոչ: 16 հարց է ընդգրկված օրակարգում ու ուզում եմ գտնել գեթ մեկ հարց, որը այս տրամաբանության մեջ է»:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը համաձայնեց, որ մարտահրավերներ կան եւ ասաց, որ միայն մեկ հարցով չեն զբաղվի, իրենց պարտականությունն է զբաղվել մի քանի հարցերով:
Տարոն Սիմոնյանը նորից բացատրեց, որ 16 հարց են ընդգրկել օրակարգում, որեւէ մեկն առաջնային չէ ու ներկայիս իրավիճակին համահունչ չէ, օրինակ, կարող էին բերել «Զենքի մասին» օրենքում փոփոխությունների հարց, բանակաշինության հետ կապված հիմնախնդիրներ, սահմանային խնդիրներ ունեցող նախագծեր:
Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Եթե ցանկություն ունենք, կան նախորդ քառօրյաների տեսագրությունները, յուրաքանչուր քառօրյայից առաջ դուք, ձեր գործընկերները քննարկում եք, որ հարցերը ադեկվատ չեն ստեղծված մարտահրավերներին, որեւէ մեկը ադեկվատ չի, հետո հարցերի քննարկման ժամանակ մենք տեսնում ենք ձեր պատգամավորների ակտիվ ներգրավվածությունը, որը շատ ողջունելի է: Ու ձեր պատգամավորը քննարկման ժամանակ ասում է՝ այո, սա շատ կարեւոր հարց է, պիտի այսպես-այսպես լինի: Գիտեք, կարեւորն ու անկարեւորը, համապատասխանն ու անհամապատասխանը հարաբերական հասկացություններ են, գնահատման հարց է: Օրինակ, Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարց ունենք, որեւէ մեկը կարո՞ղ է ասի, որ սա անկարեւոր հարց է, կամ պարտադիր չի ընտրենք, առանց այն էլ ուշացրել ենք»:
Կարդացեք նաև
Միրզոյանին լրացնելու եկավ իմքայլական պատգամավոր Գեւորգ Պապոյանը՝ ասելով. «Պարոն Միրզոյան, ես կշարունակեմ ձեր խոսքը, ժամանակ չունեցաք ամբողջությամբ բովանդակային պատասխան…այսինքն, տվեցիք, պատասխան, բայց ամբողջությամբ բոլոր կետերի վրայով անցնեիք, թե մենք ինչ ենք քննարկելու: Օրինակ «Բարձրագույն կրթության մասին» օրենքը, «Գիտության մասին» օրենքը կարեւո՞ր է, թե՞ ոչ»:
Տարոն Սիմոնյանն էլ իր ելույթով արձագանքեց. «Այ՛ ընկերներ, սա էլ հո հայերեն եմ խոսում: Հատուկ ձեզ համար նորից կրկնեմ. 16 հարց է ընդգրկված, գոնե մեկը կարո՞ղ է մարտահրավերին ուղղված լինել, թե՞ չէ: Այո, Կրթության մասին օրենք բերեք, Դատական օրենսդրության մասին նախագիծ: 10 րոպե քննարկեցինք մի բան, որն էլի խնդիրը չի լուծում: Եթե այս խոսակցության արդյունքում գիտակցությունը կարողանանք բարձրացնել այն մակարդակի, որ մարտահրավերները ռեալ հասկանաք, էլի այս ծախսած ժամանակահատվածը իզուր չի լինի: Բայց մենք վատնում ենք ժամանակը, որի իրավունքը չունենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ