«Քաղաքացու որոշում» կուսակցության վարչության անդամ Միքայել Նահապետյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ կուսակցության միասնական դիրքորոշումը իրենք կներկայացնեն հայտարարությամբ, բայց իր անձնական կարծիքով՝ արտահերթ ընտրություններից հրաժարվելը քաղաքական անհեռատեսության դրսևորում է, որովհետև երկրում առկա ներքաղաքական ճգնաժամը թույլ չի տալիս աչք փակել ընտրությունների վրա և անցնել առաջ: «Դա հղի է շատ վատ հետևանքներով։ Այսօր արդեն դրա մասին ակնարկներ հնչում են, և նույնիսկ այդ հայտարարությունների հեղինակներն են ձերբակալվում։ Բայց զենքով հարց լուծելու հայտարարությունների շքերթը չի կանգնում։ Երկրում ռեալ քաղաքական ճգնաժամ կա, և մարդիկ, լուծման այլ ճանապարհ չտեսնելով, հնչեցնում են նման կոչեր։ Իսկ այդ ֆոնին պետական ապարատը բացարձակ անգործության է մատնված։ Ստեղծված իրավիճակում մեզ համար լուծման այլ ճանապարհ, քան ընտրությունների միջոցով քաղաքական կայունություն հաստատելն է, պարզապես չկա»,- ասաց Նահապետյանը։
Անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի՝ նման որոշում կայացնելու դրդապատճառներին՝ Նահապետյանն ասաց, որ չի կարող ասել, թե կուսակցությունը ինչ մոտիվացիայով է այդ որոշումը կայացրել, բայց, հավանաբար, առաջնորդվել են երկու դրդապատճառից ելնելով. մեկը, որ իրենց ընտրություններ պետք չեն, և որ իրենք կարող են ընտրություններ չանել։ «Ես կարծում եմ, որ երկու դեպքում էլ իրենք սխալ գնահատական են տվել իրավիճակին։ Այդ որոշումը, կրկնում եմ, հղի է վտանգներով։ Այսօր այնպիսի տրամաչափի անձինք են հայտարարում զենքով, ոչ սահմանադրական ճանապարհով հարցեր լուծելու մասին, որ տարօրինակ կլինի, որ նման խմբեր ի հայտ չգան։ Ես Հայաստանի պատմության մեջ չեմ հիշում երկրորդ նման շրջափուլ, երբ մարդիկ, մասսայական կամ քաղաքական դերակատարներ հայտարարում են, որ մնում է որոշել՝ իշխանության հեռացումը ընտրակա՞ն ճանապարհով պետք է լինի, թե՞ ոչ ընտրական՝ հակասահմանադրական։ Նման բնույթի հայտարարություններ Հայաստանի պատմության մեջ չեն եղել։ Եվ թե նորմալիզացվում է ոչ ընտրական ճանապարհով հարց լուծելու գաղափարը, այսինքն՝ եթե 100 հոգի այդ գաղափարը հնչեցնում է, և չի մերժվում դա, ապա ակնհայտ է, որ 100-ից ինչ-որ մեկը կգա իրագործելու այն, ինչ հայտարարում են այդ 100-ը»,- եզրափակեց Նահապետյանը։
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: