Իշխող թիմը՝ «Իմ քայլը» հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն լինելու։
Հիշեցնենք, որ այս հայտարարությանը նախորդել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեծ հարցազրույցը, որտեղ նա հայտարարել էր, որ մասնակցելու է ընտրություններին։
168.am–ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից արտահերթ ընտրությունների չգնալու վերաբերյալ վերոնշյալ հայտարարությանը, նկատեց՝ ի սկզբանե իշխանությունը գնում էր բլեֆի։
Իշխանությունը՝ հայտարարելով, որ առաջարկում է արտահերթ ընտրություններ անցկացնել, ուղղակի փորձում էր հանրությանը շեղել ընդդիմության և էլիտաների առաջարկած քաղաքական օրակագից, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջից։
Կարդացեք նաև
Նրա կարծիքով՝ մեծ խնդիրներ կան նաև Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմում, դրանով է նաև պայմանավորված, որ, երբ հայտարարում էր՝ պատրաստ է գնալու արտահերթ ընտրություններին, երաշխիքներ էր խնդրում ընդդիմությունից, որ վերջինս իր վարչապետի թեկնածուն չառաջադրի, հասկանալով, որ գուցե իր թիմից 20-25 հոգի կքվեարկի ընդդիմության թեկնածուին։ Բացի այս, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գնալու են արտահերթ խորհրդարանական ընտրությունների, նրա թիմում շատերը հասկացան, որ իրենց իշխանության մնալու օրերը հաշված են, որովհետև Նիկոլ Փաշինյանը հանուն իր իշխանության պահպանման պատրաստ է հանձնել թիմին։
«Թիմում շատերը հասկանում են, որ հաջորդ խորհրդարանում իրենք որևէ շանս չունեն անցնելու։ Նիկոլ Փաշինյանի ամբողջ հույսն այն է, որ ընդդիմությունը կհայտարարեր, որ չի մասնակցելու ընտրություններին, սակայն այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ թեպետ իր երազած տարբերակը չէ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կազմակերպվող արտահերթ ընտրությունները, բայց եթե լինեն արտահերթ ընտրություններ՝ մասնակցելու և կրելու է։ Այս ամենից հետո հասկանալի դարձավ, որ ընդդիմադիր դաշտում վերահսկողությունն ամբողջովին անցնում է Ռոբերտ Քոչարյանին, կարծում եմ՝ սա ամենավատ անակնկալն էր Նիկոլ Փաշինյանի համար, որ, ըստ էության, Ռոբերտ Քոչարյանը կարող է դառնալ ընդդիմադիր հիմնական բևեռը, և ընտրություններում կարող է Նիկոլ Փաշինյանի սիրելի սևի ու սպիտակի տարբերակը լինել։ Այսինքն՝ այն ընտրազանգվածը, որը դեմ է Նիկոլ Փաշինյանին, կքվեարկի ընդդիմության այդ պահի ամենաամուր թեկնածուի՝ Ռոբերտ Քոչարյանի օգտին, որ մեծ հավանականություն կա, որ ունի արտաքին աջակցություն։ Այս ամենը Նիկոլ Փաշինյանի պլանները վերջնականապես խառնեց, այդ պատճառով էլ նա պարզ ասաց, որ հիմա խուսափում է արտահերթ ընտրությունների գնալու գաղափարից»,- հավելեց քաղտեխնոլոգը։
Ըստ Վիգեն Հակոբյանի, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ կանի, որպեսզի իր իշխանության մնալու ժամանակը երկարացնի, սակայն ամբողջ ողբերգությունն այն է, որ այդ ժամանակն աշխատելու է իշխանության դեմ։
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։