Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյ անունով հայտնի Արտյոմ Հարությունովը հանդես կգա վերջին խոսքով:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ երեկ շարունակվեց նրա գործով դատական նիստը: Նախորդ նիստին մեղադրող դատախազ Հայկ Խաչատրյանը հանդես էր եկել ճառով եւ 1 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկում պահանջել Կանեւսկոյի համար: Այսօր ճառով հանդես եկավ պաշտպանական կողմը, խոսեց նաեւ՝ ամբաստանյալ Հարությունովը:
Կանեւսկոյի պաշտպան Հովսեփ Սարգսյանն այսօր իր ճառում ասաց, որ ողջ դատաքննության ընթացքում գործով ձեռք բերված ապացույցներով չի հաստատվել Արտյոմ Հարությունովի մեղավորությունը: «Ընդամենը ասֆալտ փռելու օպերացիա են իրականացրել՝ հանձնարական են ստացել Արտյոմ Հարությունովի անձով պայմանավորված: Չե՞ք ուզում Արտյոմ Հարությունովը ապրի, չե՞ք ուզում շնչի էս մարդը, որեւէ մեկին որեւէ վնաս տվե՞լ են: Բայց արդեն նախատրամադրված, կանխակալ վերաբերմունք կա Արտյոմ Հարությունովի նկատմամբ»,- իր ճառում ասաց պաշտպանը: Հիշելով, այդ ժամանակահատվածում ոստիկանների «ասֆալտ փռելու օպերացիայի մասին, Սարգսյանն ասաց. «Հասկանում եմ այդ ժամանակ ինչ էր կատարվում ամբողջ հանրապետությունում, ի՞նչ անեմ, հանեմ տեսագրությունները, որ երեւա թե ինչպես էին տարբեր մարդկանց փռում ասֆալտներին, նկարում էին սերիալի նման ցույց էին տալիս: Ընդամենը ինչ եմ խնդրում դատարանից՝ զերծ մնացեք ասֆալտին փռելու, պատերին ծեփելու հոգեբանությունից: Այս հոգեբանությունը ուղղակի վտանգ է Հայաստանի արդարադատությանը: Ես քաղաքական ելույթ չեմ ունենում, բայց սա է իրականությունը»,- նշեց նա:
Ըստ նրա՝ օրինական ճանապարհով ձեռք բերված ապացույցներով չի հաստատվել կատարված հանցագործությանը Արտյոմ Հարությունովի մասնակցությունը, ուստի խնդրեց ճանաչել եւ հռչակել Արտյոմ Հարությունովի անմեղությունը առաջադրված մեղադրանքում, նրան արադարացնել մեղսագրված արարքում հանցակազմի բացակայության հիմքով: «Իմ պաշտպանյալը անմեղ է, խնդրում եմ նրան արդարացնել»,- հավելեց նա:
Կարդացեք նաև
Ճառով հանդես եկավ նաեւ ամբաստանյալ Հարությունովը: Նրա խոսքով՝ ոստիկանության, Քննչականի կոմիտեի, դատախազության կողմից կանխակալ վերաբերմունք է դրսեւորվել իր նկատմամբ: «Ես գիտեմ, որ ես ոչ մի հանցագործություն չեմ արել, ոչ մի վատ բան չեմ արել:… Մի բան կարամ ասեմ, եթե իրենք մտածում են վատություն անեն, որ իմ էրեխեքի վիզը ծուռը մնա, ու իրենք իրանց լավ զգան ես վստահ եմ, որ Աստված կպատժի իրանց նենց, որ իրանց էրեխեքի վիզը սաղ կյանքը ծուռը կմնա»,- հայտարարեց Արտյոմ Կանեւսկոյը:
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: