Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշեցին, այնուամենայնիվ, կառչել

Փետրվար 09,2021 10:00

Կիրակի օրը տեղի է ունեցել Փաշինյանի եւ «Իմ քայլի» հանդիպումը, որի արդյունքում «արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ»:

Քանի որ ակնհայտ է, որ «Իմ քայլն» ընդունակ չէ որեւէ ինքնուրույն որոշման, հասկանալի է, որ այդ «արձանագրումն» արել է հենց վարչապետը, իսկ պատգամավորները, բնականաբար, ուրախացել են դրանից, որովհետեւ նման զարգացումն ապահովագրում է իրենց մանդատները եւս 3 տարով: Այսինքն՝ Փաշինյանը հավաքել է իր «ստորադասներին» եւ հայտարարել է, որ որոշել է ոչ մի արտահերթ ընտրություններ չանցկացնել, իսկ վերջիններս ոգեւորված ծափահարել են՝ «հա, իհարկե, շատ իմաստուն որոշում է, հեսա մենք դրա համար 100 հատ հիմնավորում կգտնենք»: Հավանաբար, կբացատրեն, որ բոլոր խոսակցություններն այն մասին, որ իրենք կառչած չեն իրենց աթոռներից, իրականում կատակ էին:

Գուցե դա տարօրինակ հնչի, բայց ես չէի ցանկանա, որ այս տարի արտահերթ ընտրություններ կայանան, եթե դրանք անցկացնելու է ներկայիս իշխանությունը, որովհետեւ այդ դեպքում դրանց լեգիտիմությունն իմ մեջ մեծ կասկածներ կառաջացներ: Բացի այդ, ընտրություններն իմաստ կունենային այն դեպքում, եթե քաղաքական ասպարեզում լիներ որեւէ ուժ, որը ելք կառաջարկեր ներկայիս ողբալի վիճակից, ինչը ես, ճիշտն ասած, չեմ տեսնում: Եվ վերջապես, զուտ տեսականորեն՝ ընտրությունները պետք է նպաստեն երկրի կայունությանը, հասարակության միասնականացմանը: Բայց այսօրվա մթնոլորտում դա բացառված է՝ ընտրարշավի ժամանակ լարված կրքերը կարող են բերել նոր ցնցումների: Փաշինյանի՝ որպես պետության ղեկավարի, գործունեությունը մշտապես ուղղված է սկանդալին, հակադրությանը, պառակտմանը, եւ ես չեմ պատկերացնում, թե ինչպես է դա հնարավոր հաղթահարել:

Եթե վարչապետը եւ նրա թիմը չեն գիտակցում, թե ինչ աղետի են բերել ազգին եւ պետությանը, եթե նրանք կարողանում են գիշերները հանգիստ քնել եւ երազներում չեն տեսնում հազարավոր մարդկանց արյունը, ապա, ինչ ասեմ՝ թող վայելեն չեղած պետության մեջ իրենց պաշտոններն ու մանդատները:

Իսկ եթե հերթական կամ արտահերթ ընտրություններում հիմնական մրցակցությունը ծավալվի Փաշինյանի եւ Քոչարյանի միջեւ, ապա ես, որպես քաղաքացի, կափսոսամ ժամանակս՝ ընտրատեղամաս հասնելու համար:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. henri says:

    Շատ ցաւալի է որ ՛՛ իմ քայլականները՛՛ այնպիսի անկառավարելի վիճակ մը ստեղծած են երկրին մէջ որ կրնայ անսպասելի ողբերգութիւն մը յառաջացնել եղածներուն վրայ …

    Հարցում -կարելի է անտարբեր մնալ և թողուլ որ Երկիրը նոր ողբերգութիւններու մէջ իյնայ ,քանի որ ՛՛ընդիմադիր 17 +1 ՛՛ ուժերը չեն վայելեր հանրութեան համակրանքը ,,,
    բայց կրնան վտանգաւոր քայլերու դիմել -քանի հաւասարակշռուած անձ մը չկայ հոն։

  2. Իրատես says:

    Վատի և ավելի վատի միջև ընտրությունը իհարկե տհաճ է։ Բայց պետք է օգնել պայմանական լավին հաղթահարել անցողիկ շեմը։ Դա շատ կարևոր է ֆինանսներ չունեցող քաղաքական ուժերի համար։ Ազգային Ժողովում ներկայացված լինելը մեր իրողություններում հավասարազոր է համապետական սփռման սեփական հեռուստաալիք ունենալուն։

  3. Սարգիս Զեյթունյան says:

    Լավ, էլի, մամ, մի քիչ էլ խաղամ…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728