Ընտրություններից հրաժարումը կարող է բերել ընդդիմության այլ տիպի կոնսոլիդացիայի. նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը՝ հավելելով, որ դա տանում է քաղաքական պայքարի սրման:
Քեռյանը ի սկզբանե սխալ եւ ձախողված է համարում ընդդիմության տակտիկան.
«Ընդդիմությունը մի կետի վրա էր կանգնել, որը անիրատեսական էր. ասում էին՝ փոխեք վարչապետին, նոր գնանք ընտրությունների: Սա մի առաջարկ էր, որի իրականացման քաղաքական մեխանիզմը չէին կարողանում ներկայացնել: Արդյունքում 1-2 ամսվա ընթացքում մաշվեց այդ սցենարի շուրջ հետաքրքրությունը եւ ցույց տվեց, որ դա չի կարող այնպիսի բողոքական զանգվածի կրիտիկական մասսա ապահովել, որի արդյունքում իշխանությունը գնա: Սրանով փորձում էին կրկնօրինակել 2018-ի իրավիճակը, երբ ներքեւից եկող ճնշման ներքո ՀՀԿ-ն ստիպված ընտրեց Փաշինյանին վարչապետ եւ անցկացվեց ընտրություններ: Պատմության մեջ ամեն ինչ չի, որ կարող է հեշտությամբ կրկնվել»,- ասաց քաղաքագետը:
Ըստ նրա՝ Փաշինյանը լուրջ մանեւրելու կարողություն եւ քաղաքական հոտառություն ունի, ուստի ընտրությունների գաղափարից հրաժարվել է՝ մի քանի գործոններից ելնելով:
Կարդացեք նաև
Առաջին պատճառը, Քեռյանի համոզմամբ, հետեւյալն է. հավանաբար ինչ-որ հարցումներ կամ սոցիոլոգիական հետազոտություններ են անցկացրել, ստուգել իրենց վերընտրվելու հավանականությունը եւ գտել, որ այն այնքան էլ մեծ չէ:
Քաղաքագետը չի բացառում, որ իշխանությունը նման որոշման եկած լինի նաեւ ընդդիմության քաղաքական լծակների եւ ռեսուրսների հաշվարկի արդյունքում:
«Բայց կարող են լինել նաեւ անդրկուլիսյան համաձայնություններ խորհրդարանական մյուս ուժերի հետ՝ հետագա քաղաքական զարգացումների վերաբերյալ»,- ասաց Քեռյանը՝ ընդգծելով, որ ընտրություններից հրաժարվելու պատճառ կարող էր լինել նաեւ ընդդիմադիր դաշտում առկա տարաձայնությունը, պառակտումը:
«Քոչարյանի հայտարարությունն էլ կարող է լինել արտահերթի գաղափարից հրաժարվելու գործոն: Հնարավոր է՝ այս որոշումը կանխում է Քոչարյանի քաղաքական դաշտ մտնելը եւ նոր քաղաքական ուժի ձեւավորումը»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն օրեր առաջ հայտարարեց՝ ինքը մասնակցելու է արտահերթին եւ «կրելու է»:
Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում