Պետական գույքի կառավարման կոմիտեն վաճառքի է հանել Գորիսում բացառիկ նշանակություն ունեցող պատմական շենքերից մեկը։ Գորիսի ուսուցչի տան շենքը դեռեւս 1950 թվականին եղել է էքսկուրսիայի պետական ծառայության շենքը, հետո դարձել է առաջնորդարան, ավելի ուշ Գորիսի ուսուցիչների տունն է եղել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Գորիսի քաղաքապետի տեղակալ Իրինա Յոլյանը։
Տիկին Յոլյանը Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց, որ վաճառքի մասին տեղեկացել է պետական գույքի կառավարման կոմիտեի կայքից։
Տարիներ շարունակ Ուսուցչի տանը վերապատրաստվել են մարզի մանկավարժները, սակայն անցած տարի, երբ լուծարվեց կրթության ազգային ինստիտուտը, շենքը մատնվեց անգործության։ Քաղաքապետի տեղակալի խոսքով, անթույլատրելի է պատմական շենքերի վաճառքը, այն դեպքում, երբ կարող է այն հատկացվել Գորիսի եկրագիտական թանգարանին, որն այժմ քաղաքի մշակույթի տան առաջին հարկում է։ Կա նաեւ նախագիծ Գորիսում գորգերի թանգարան հիմնելու, գուցե՞ այդ նպատակով շենքը օգտագործեն։
Կարդացեք նաև
«Այս տանը 1870 թվականին ապրել է Մեսրոպ Մագիստրոս Արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանը, ով համակարգել է Գորիսի թատրոնի շենքի կառուցման համար ստեղծված խորհուրդը։ Այս շենքը իր կոլորիտով, նշանակությամբ , դիրքով բացառիկ է եւ տարիներ շարունակ փորձեր են արվել վաճառել, բայց մազապուրծ փրկված շենքերից մեկն է։
Ի սեր Աստծո մի փորձեք ջնջել պատմությունը ու հետո տեսնենք էստեղ ավտոտեխսպասարկման կետ է գործում։ Հուսով եմ, որ պետական գույքի կառավարման կոմիտեն կվերանայի իր որոշումը, անթույլատրելի է այս շենքի վաճառքը»,–ասում է տիկին Յոլյանը։
Գորիսեցիները, հատկապես մտավորականությունը նույնպես վրդովված ե ն պատմական շենքի վաճառքի հայտարարությունից։ Գորիսի պետական համալսարանի դասախոս, բանասեր Մհեր Քումունցը (ի դեպ, Քումունցին երկրորդ անգամ ԳՊՀ ռեկտորն ազատել է աշխատանքից եւ գործը դատարանում է–Ա․Դ․) Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ չեն լռելու, պայքարելու են։ Ըստ մեր զրուցակցի՝ դեռ չեն որոշել պայքարի կոնկրետ ձեւերը, բայց ստորագրահավաք կկազմակերպեն, նույնիսկ ավելի կոշտ քայլերի կդիմեն՝ փրկելու պատմական շենքը։
«Ցավոք վերջին շրջանում, մեզանից շատ արժեքներ են օտարվում։ Եթե Շուռնուխն ու Որոտանը պաշտպանական դիրքերի թուլացումն են, ապա մշակութային օջախների վաճառքը հոգեւոր մշակութային կյանքի գլխիվայր շրջումն է»,–ասում է Մհեր Քումունցը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Լուսանկարները Իրինա Յոլյանի ֆեյսբուքյան էջից: