Ամանորի տոներից հետո Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը կտրուկ նվազել է․ հիվանդների քանակը օր օրի քչացել է։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հունվարի ամսին այս մարզում կատարել է մոտ 1200 հետազոտություն ( նախկինում ամսական 2000-3000 հոգու էին թեստավորում), որից ընդամենը 7-15 տոկոսի մոտ է արձանագրվել դրական ցուցանիշ։ Այս թիվն, ի դեպ, տատանվում է․ օր կա 7 տոկոսի մոտ է եղել դրական, կան օրեր էլ՝ 13-15 տոկոսի մոտ։
Իսկ օրինակ երկու օր առաջ՝ փետրվարի 6-ին, կատարվել է 5 հետազոտություն, որից ընդամեն մի հոգու մոտ է հայտնաբերվել կորոնավիրուս։
Այս ցուցանիշներն առողջապահական ոլորտի մասնագետները համարում են ոգևորիչ՝ իհարկե, հորդորելով չկորցնելով զգոնությունը։ Նրանք հիշեցնում են, որ ամեն դեպքում խոսք է գնում երրորդ ալիքի մասին։
Կարդացեք նաև
Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի փաստմամբ էլ, տրիաժ կենտրոնում շատ քիչ հիվանդներ են գտնվում, շաբաթ-կիրակի ընդամենը երկու հիվանդ են ընդունել, երկուսի մոտ էլ թեստի բացասական պատասխաններ են եկել։
«Թոքաբորբով հիվանդների քանակը՝ համեմատած դեկտեմբեր ամսվա ու հունվար ամսվա սկզբի, շատ քիչ է, և նմուշառումների պատասխանները մեծամասամբ բացասական են»,-ասաց Արմեն Խաչատրյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ