Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես Նիկոլ Փաշինյանին ճանաչելով գիտեմ, որ ոչ մի գործընթացով ինքը չի հեռանալու». Էդմոն Մարուքյան

Փետրվար 08,2021 19:35

Քաղաքացիների հետ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ շփումները հանգեցրել են եզրակացության, որ արտահերթ ընտրությունների պահանջ կա: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով երեկ «Իմ քայլը» խմբակցության տարածած հայտարարությանը, որով իշխող կուսակցությունը հրաժարվում է արտահերթ ընտրությունների` իր իսկ առաջադրած օրակարգից`պատճառաբանելով, թե խորհրդարանական ընդդիմությունն է հրաժարվում արտահերթ ընտրություններից:

«Ես Նիկոլ Փաշինյանին ճանաչելով գիտեմ, որ ոչ մի գործընթացով ինքը չի հեռանալու»,-ասաց ԼՀԿ առաջնորդը:

Հարցին`այդ դեպում իրենք ինչի՞ համար են պայքարում, Մարուքյանը պատասխանեց, որ ոչ ոք չէր կանխատեսում, որ Հայաստանում հեղափոխություն է լինելու, Սերժ Սարգսյանը հեռանալու է. «Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, այո, գործող վարչապետը չի ուզում ոչ մի պարագայում հեռանալ, բայց կկարողանա՞ պահել այսպես իշխանությունը: Կարծում եմ ոչ»:

Էդմոն Մարուքյանի գնահատմամբ`քաղաքական ընդդիմության մոտ ձեւավորվել էր կոնսենսուս առ այն, որ վարչապետը պետք է հրաժարական տա. «Այս մասին առկա էր նաեւ հանրային ակնկալիք եւ պահանջարկ: Իշխանությունը դիմեց մանիպուլյատիվ քայլի եւ սկսեց նիսյա խոսակցություններ արտահերթ ընտրությունների մասին: Այսինքն, առկա հրաժարականի պահանջը թողած, սկսեցին նիսյա առաջարկել արտահերթ ընտրություններ: Սկզբից մենք համաձայնեցինք: Հիմա ասում են՝ եկեք հուշագիր ստորագրենք: Իսկ եթե համաձայնենք ու հետո էլ ուրիշ բան պահանջեն: Ուզում են արտահերթ ընտրություններ կազմակերպել՝ թող կազմակերպեն, չեն ուզում՝ թող ասեն, որ չեն ուզում»:

Խոսելով հնարավոր ընտրությունների հնարավոր արդյունքների մասին էլ, Էդմոն Մարուքյանն ասաց. «Ընտրություններն անկտրել ձմերուկի պես բան են: Չգիտես՝ ինչ արդյունք կլինի: Իշխանությունն ի սկզբանե չի ունեցել նպատակ ընտրություն դնելու, պարզապես հարցը մտցրել է օրակարգ, հետո հանել է: Այսպես քաղաքական դաշտը միշտ կմնա տուրբուլենտ: Քաղաքացիներն ամեն օր կպատրաստվեն ընտրությունների, իսկ ընտրությունները կարող է լինեն 2023 թվականին: Այսինքն, այդ թեման անընդհատ կգա եւ կգնա, կստացվի, որ գերիների հարցը թողած՝ ընտրություններից ենք խոսում, Գորիս-Կապան ճանապարհը թողած՝ ընտրություններից ենք խոսում»: Իր համար կարեւոր են ՀՀ եւ Պաշտպանության բանակի վերականգնումը, սահմանային նոր սադրանքների հարցերը:

Լրագրողների դիտարկմանը`իշխանության հայտարարությունից պարզ է դառնում, որ նրանք հրաժարվում են արտահերթ ընտրությունների գաղափարից՝ պատճառաբանելով, որ ընդդիմությունը երկխոսության չի գնում, Էդմոն Մարուքյանն արձագանքեց. «Ոչ մի հայտարարություն լուրջ մի ընդունեք: Չի բացառվում, որ չորեքշաբթի՝ հարցուպատասխանի ժամանակ, վարչապետն ասի, որ պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ: Ես նոյեմբերի 14-ից առաջարկում եմ ստեղծել քննիչ հանձնաժողով՝ նախապատերազմյան եւ պատերազմի շրջանի դեպքերի քննության համար: Բայց ոչինչ չի արվում»:

Էդմոն Մարուքյանի գնահատմամբ այսօր ունենք ավելի կուռ, համախմբված «Իմ Քայլը» դաշինք, քան նոյեմբերի 14-ին, 15-ին. «Այսօր նրանք կարողանում են 86 կողմ ձայնով ընտրել ԲԴԽ անդամ, առաջ այդ ձայները չկային»:

Նա նաև տեղեկացրեց, որ ԼՀԿ-ն պատրաստվում է ներկայացնել օրինագիծ, համաձայն որի ՀՀ Զինված ուժերում ներգրավվելու համար սահմանված 45 տարեկան տարիքային շեմը կհանվի. «Մենք ունենք հարյուրավոր, եթե ոչ հազարավոր, 45 տարին լրացած ուժեղ տղերք, ովքեր պատրաստ են կանգնել հանուն հայրենիքի պաշտպանության։ Ավելի լավ չէ՞ նրանց տանք այդ հնարավորությունը, ոչ թե հարկադրենք գնան Ռուսաստան արտագնա աշխատանքի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728