Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վաղարշակ Հարությունյանն ասաց՝ գերիների հարցով տարբեր երկրների դեսպանների հետ են հանդիպում, որ ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա». Անհետ կորածի ծնող

Փետրվար 08,2021 18:55

«Օնիկ Գասպարյանին չհանդիպեցինք, բայց բավականին երկար զրուցեցինք պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Բոլոր հարցերը տվեցինք, նաեւ դժգոհություն հայտնեցինք, որ հինգ հոգուն ընդունելը հարցի լուծում չէ»,-ասաց պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպումից դուրս եկած Էմիլ Սարգսյանը, որի որդին մի քանի ամիս է անհայտ կորած զինծառայողների ցուցակում է: Ծնողներն այսօր կրկին բողոքի ցույց էին անում՝ իրենց երեխաներին գտնելու պահանջով:

Նախարարի հետ հանդիպումից դուրս եկած ծնողն ասաց, որ Վաղարշակ Հարությունյանը խոստացել է մինչեւ հինգշաբթի ընդունել մնացած ծնողներին, ով կցանկանա իր հետ հանդիպել. «Մենք պահանջել ենք բոլոր ծնողներին ընդունել, բոլորին լսել եւ այնպես չլինի, որ մեկին չլսեն ու արհամարհեն: Հաջորդ հանդիպմանը պիտի Օնիկ Գասպարյանն էլ լինի»:

Ծնողների խոսքով, նախարարի հետ խոսել են գերիների հարցի մասին եւ այն մասին, թե ինչպիսի լուրջ գործողություններ են կատարվում, որպեսզի գերիների հարցը վերջնականապես լուծվի. «Պաշտպանության նախարարն ասաց, որ տարբեր երկրների դեսպանների հետ է հանդիպում ունենում, որպեսզի ճնշումներ գործադրվեն Ադրբեջանի վրա: Անհայտ կորածների մասով էլ լայնամասշտաբ գործողություններ են անում, որպեսզի դրա լուծումը գտնեն»:

Ծնողների խոսքով, հանդիպումից դրական ու կոնկրետ պատասխան այդպես էլ չստացան. «Մենք նախարարին ասացինք, որ լիարժեք պատասխան այդպես էլ չստացանք հանդիպումից եւ ուզում ենք, որ այդ ամբողջ գործողությունները մեզ համար տեսանելի լինեն: Ոչ թե միայն լսենք՝ Ադրբեջանը չի տալիս, Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում եւ այլն: Վերջ ի վերջո մենք էլ ենք պետություն եւ կարող ենք մեր հստակ խոսքն ասել»:

Զոհված զինծառայողների ԴՆԹ թեսթերի առնչությամբ էլ, ըստ ծնողների, նախարարը նշել է, որ արդեն ավելի արագ են դրանք կատարվում, քանի որ երկու սարքով են հետազոտությունն անում. «Ասաց, որ տեխնիկական որոշ խնդիրներ կան,  բայց դրանք շուտով կլուծվեն»:
Էմիլ Սարգսյանն իր որդու հետ վերջին անգամ հոկտեմբերի 10-ին է խոսել, երբ որդին ասել է, որ Հադրութի դպրոցում են: Այդ օրվանից ի վեր որդուց տեղեկություն չունի: Նրա խոսքով, անձամբ էլ որոշ որոնողական աշխատանքներ է տարել, բայց՝ անարդյունք, հույս ունի, որ որդին կենդանի է, գերի է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728