ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի եւ նրա սանիկ Նորայր Փանոսյանի գործով դատական նիստի ժամանակ այսօր պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել`Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։
Aravot.am-ի հետ զրույցում, Հրայր Թովմասյանի պաշտպանական խմբի անդամ Ամրամ Մակինյանը ներկայացրեց միջնորդության հիմքերը. «Երբ պարոն Թովմասյանը ՍԴ նախագահ էր, գործում էր 2005 թվականի խմբագրությամբ Սահմանադրությունը, որով Սահմանադրական դատարանի անդամին տրվում է բացարձակ անձեռնմխելիություն։ Այն հաղթահարելու համար պետք է մինչեւ անձին որպես մեղադրյալ ներգրավելը դատախազությունում գնա որոշակի ընթացակարգ։ Այսինքն, Գլխավոր դատախազը պետք է միջնորդություն ներկայացներ Սահմանադրական դատարան, որպեսզի կարողանար ՍԴ անդամի անձեռնմխելիությունը հաղթահարել։ Սակայն դա չի կատարվել։ Դատախազությունը պարոն Թովմասյանին ներգրավել է որպես մեղադրյալ՝ առանց նրա անձեռնմխելիությունը հաղթահարելու, ինչն ինքնին Սահմանադրության խախտում է։ Այսինքն, հանցակազմի տարրերից մեկը՝ սուբյեկտը, բացակայում է, ուստի քրեական հետապնդումը պետք է դադարեցվի»։
Դատախազությունը բերում էր հետեւյալ հակափաստարկը. 2005 թվականի Սահմանադրության համապատասխան նորմը կիրառելի չէ, քանզի 2015 թվականին այն փոխվել է եւ դարձել է գործառութային անձեռնմխելիություն։
Ամրամ Մակինյանը պատասխանում է. «Երբ սահմանափակվում են անձի նյութաիրավական երաշխիքները, այդ նորմերին չի կարող հետադարձ ուժ տրվել։ Պատկերացրեք մի զավեշտալի իրավիճակ. դատախազը փորձում է մեկնաբանել պարոն Թովմասյանին այն Սահմանադրության դրույթները, որի համահեղինակ է պարոն Թովմասյանը»։ Դատախազության առարկությունները, ըստ պաշտպանական կողմի, չէին վերաբերվում միջնորդության բուն բովանդակությանը։
Կարդացեք նաև
Հաջորդ դատական նիստում` փետրվարի 15-ին միջնորդության քննարկումը կշարունակվի:
Նորայր Փանոսյանը, հիշեցնենք, մեղադրվում է նոտարական գրասենյակների սեփականաշնորհման գործով: Քրեական գործն առնչվում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի՝ արդարադատության նախարար աշխատելու շրջանին: Թովմասյանին եւ նրա սանիկին մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածով` պաշտոնեական լիազորությունները չարաշահել: Հրայր Թովմասյանի խափանման միջոց է ընտրվել ստորագրություն`չհեռանալու մասին։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ