Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե բերում եք այն փաստը, որ պարոն Բադասյանը չի լացում, չի նվնվում, միայն լացում է Եռաբլուրում՝ կորցրած զինվորների եւ հայրենակիցների համար». Ցույց՝ ի աջակցություն Բադասյանի

Փետրվար 08,2021 17:25

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, ազատամարտիկ Վահան Բադասյանը օրերս հայտարարություն էր տարածել ու կոչ արել միավորվել եւ բողոքի ձայն բարձրացնել, որ դադարեցվեն իր նկատմամբ կիրառվող «ֆիզիկական եւ հոգեբանական խոշտանգումները»:

Հիշեցնենք, որ Բադասյանին կալանավորել են Եռաբլուրում արած իր այն հայտարարությունների համար, որ վարչապետ Փաշինյանին պետք է ֆիզիկապես ոչնչացնել՝ զենքի միջոցով:

Այսօր Բադասյանի ազատամարտիկ ընկերները, «Սասնա ծռեր» խմբավորման անդամները ՀՀ գլխավոր դատախազության մոտ բողոքի ցույց էին կազմակերպել՝ ի աջակցություն Վահան Բադասյանի:

Դատախազության մոտ ելույթ ունենալով՝ ակտիվիստ Արթուր Գրիգորյանն ասաց, որ Բադասյանը գլխի վիրավորում է ստացել ու նոր է վիրահատվել ու իր առողջական վիճակը բանտային կյանքի հետ անհամատեղելի է. «Ձերբակալության հիմքում, որպես ծանրակշիռ փաստ, նշվել է պարոն Բադասյանի՝ մշտական բնակության վայր չունենալը՝ հաշվի չառնելով, որ պարոն Բադասյանի տունն ու տեղը, իր առողջությունը կորսվել է այս չարաբաստիկ պատերազմի պատճառով: Թե ովքեր ինչ չափով մեղք ունեն, դա հարցի մյուս կողմն է: Նա տուն ու տեղ չունի, որովհետեւ պատերազմի ընթացքում կորսվել է կամ ծախվել է հայրենիքը: Սա առավել եւս զազրելի է դառնում այն համատեքստում, երբ դատախազը, քննիչը, լիարժեք ճանաչելով պարոն Բադասյանի տեսակը, որ փախչող չէ, այդ առողջությամբ մարդուն բանտարկել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքը կարող է փախչի: Եթե ներկա իշխանություններն այդ «փախնող տղերքի» դեմն առնող էին, թույլ չէին տա այս 2,5 տարիների ընթացքում այնքան մարդիկ փախչեին: Դուք գիտեք, որ հստակ մարդիկ փախչելու էին, չկարողացաք, կամ թույլ տվեցիք, որ փախչեին, բայց ձեր մուրը ձեր գլուխը: Հիմա դուք գիտեք, որ պարոն Բադասյանը փախչող տեսակ չէ, ավելի քան պարտաճանաչ քաղաքացի է ու իր թողած ստորագրությանը հետամուտ կլինի: Եթե Աստված մի արասցե, պարոն Բադասյանի կյանքին մի բան լինի, կա՞ որեւէ մեկը, որ կարող է պատասխան տալ»:

Գրիգորյանը հիշեցրեց «Հաց բերողի» դեպքը ու հորդորեց իշխանություններին խոհեմություն դրսեւորել. «Պարոն Բադասյանի համար շատ մարդիկ՝ հանրային, ռազմական գործիչներ տվել են երաշխավորագրեր: Հարցն այն է, որ նախ պետք է իրավական գնահատական տանք ու փորձենք հասկանալ՝ Հադրութում տուն ու առողջություն կորցրած հայ ազատամարտիկի նկատմամբ արդյոք քաղաքական ռեպրեսիա է, թե՞ ոչ»:

Արդեն 10 օրից ավելի է՝ Վահան Բադասյանն անազատության մեջ է: Արթուր Գրիգորյանի խոսքով՝ «եթե բերում եք այն փաստը, որ պարոն Բադասյանը չի լացում, չի նվնվում, ինքը չի լացելու ու չի նվնվալու: Պարոն Բադասյանը միայն լացում է Եռաբլուրում՝ կորցրած զինվորների եւ հայրենակիցների համար»:

Գրիգորյանը հուզմունքից չկարողացավ ելույթը շարունակել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728