«Փախստականների միավորում հանուն արդարության» կազմակերպության կոչը բոլոր միջազգային կառույցներին։
2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի և ահաբեկիչների մասնակցությամբ պատերազմ սկսեցին Արցախի դեմ՝ օգտագործելով հրթիռահրետանային, օդային ռազմական միջոցներ, անգամ միջազգայնորեն արգելված զինատեսակներ( ֆոսֆորային զենքեր, կասետային ռումբեր)։
Թիրախում Արցախի և ՀՀ-ի ոչ միայն ռազմական, այլ նաև քաղաքացիական օբյեկտներն էին։
2020թ նոյեմբերի 9- ին ՌԴ-ի , ՀՀ-ի և Ադրբեջանի եռակողմ համաձայնությամբ պատերազմական գործողությունները դադարեցվին։
Կարդացեք նաև
Համաձայն հայտարարության 8-րդ կետի ` պետք է տեղի ունենար գերիների, պատանդների , ինչպես նաեւ մարմինների լիարժեք փոխանակում:
Հայաստանի կառավարությունը այս գործընթացի համար առաջարկել է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը, որին իր համաձայնությունն է տվել նաև Ադրբեջանը։ Սակայն, չնայած այն փաստին, որ պատերազմի ավարտից անցել են ամիսներ, ՀՀ և ԱՀ շարք քաղաքացիներ, այդ թվում նաև կանայք, ՀՀ և ԱՀ ԶՈՒ զինծառայողներ դեռևս գտնվում են գերության մեջ։
Ժնևյան կոնվենցիայի 75- րդ հոդվածի համաձայն պատերազմող կողմերը պատերազմի ավարտից հետո պարտավորվում են գերիների փոխանակում կատարել։
Գերիները պետք է պաշտպանված լինեն բռնությունից, վիրավորանքից։ Նրանք պետք է օգտվեն հումանիտար իրավունքից։
Բայց Ադրբեջանում մինչ այսօր պահվում են հայ գերիներ, որոնց թիվը պարզ չէ։ Նրանք ենթարկվում են տանջանքների, կտտանքների։ Ադրբեջանցիները տեսանյութեր են տարածում սոց.ցանցերում, որտեղ բացահայտ երևում է, թե ինչպես են վերաբերվում հայ գերիներին, բայց միջազգային հանրությունը շարունակում է լռել։
Գերիներին ստիպում են ծնկաչոք համբուրել իրենց երկրի դրոշը, փառաբանել նախագահ Ի.Ալիևին, զրպարտել մեր իշխանություններին և ասել, որ Արցախը Ադրբեջանի տարածք է։ Եվ այս ամենի համար Ադրբեջանը որևէ պատասխանատվության չի ենթարկվում։
Միջազգային հումանիտար իրավունքը պահանջում է մարդասիրաբար վերաբերվել գերիներին։
Ժնևյան 3-րդ կոնվենցիայի համաձայն արգելվում են կյանքի և ֆիզիկական անձեռնմխելիության դեմ ուղղված ոտնձգությունը, մասնավորապես, բոլոր տեսակի սպանությունները, խեղումները, դաժան վերաբերմունքը, խոշտանգումները և տանջահարությունը, անձի արժանապատվության դեմ ուղղված ոտնձգությունը, մասնավորապես, վիրավորական և նվաստացուցիչ վերաբերմունքը։ Ադրբեջանը անտեսում և կոպտորեն խախտում է բոլոր կետերը։ Ազգային թշնամությունից ելնելով՝ նրանք կատարում են միջազգայնորեն արգելված հանցագործություններ։
Եվ այսօր «Փախստականների միավորում հանուն արդարության» կազմակերպությունն իր ձայնն է բարձրացնում՝ ի պաշտպանություն գերիների։
Դիմում ենք միջազգային հանրությանը՝ այս խնդիրը հրատապ լուծելու և Ադրբեջանի գործունեությունը դատապարտելու։
Փախստականների միավորում հանուն արդարության