Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւի Ալիեւի հետ սելֆի է պետք. անհայտ կորածի ծնողներ

Փետրվար 08,2021 15:56

«Կարմիր Խաչն ասում է՝ տեսանյութ բերեք, որ ձեր երեխաներին գտնենք, կառավարությունն էլ ասում է՝ մի 15 օր համբերեք՝ մինչեւ ԴՆԹ-ն վերջացնեն: Չգիտենք, սպասում ենք»,-ասաց անհայտ կորած զինծառայողներից մեկի մայրը, որը մի քանի տասնյակ այլ ծնողների հետ այսօր պաշտպանության նախարարության դիմաց կրկին բողոքի ցույց էին անում:

«Երեւի Ալիեւի հետ սելֆի են ուզում»,-զինծառայողի մորը միջամտեց մեկ այլ մայր, որի որդին նույնպես երեք ամսից ավելի է՝ չկա:

Պատերազմից հետո հարյուրավոր ծնողներ քուն ու դադար չունեն, որդիներին են փնտրում. ՊՆ-ից կառավարություն են գնում, այնտեղից էլ՝ նախարարություն:

«Եկել ենք Օնիկ Գասպարյանին տեսնենք: Իր եփած ճաշն էր, թող ինքն էլ գա, պատասխան տա: Ո՞ւր են մեր երեխաները, չորս ամիս է՝ չկան»:
Ծնողների խոսքով, մինչ այդ պահը որեւէ մեկն իրենց հարցերին չի պատասխանել, բայց իրենց փոխանցել են, որ այսօր պիտի ծնողներին հանդիպի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը: Սպասում են:

«Հանդիպենք, մեր հարցերի պատասխանը ստանանք, հո հավի ճուտ չէի՞ն: Երեխաներին տարան՝ կորցրին ու չեն էլ ուզում պատասխան տան: Ամեն օր մի բան խաբում են, ծնողներին ճանապարհում են, հո խաբելով չի՞: Գիշեր-ցերեկ չունենք, հաց ուտելը մոռացել ենք, չորս ամիս է՝ մեր երեխաները չկա: Ուղղակի ուզում ենք մեզ հարգեն, մեր վշտի ու դրության մեջ մտնեն: Էդ ո՞նց եղավ, ոչ մի պաշտոնյայի երեխա չկա, դրա համար էլ իրենք իրանց գլուխը հանգիստ դնում են բարձին»,-ասում էին ծնողները:

Նրանցից մեկի խոսքով էլ՝ երեխան ընդամենը երկու ամսվա ծառայող է եղել, անգամ զենք բռնել չի իմացել, բայց հայտնվել է մարտի դաշտում. «Ամեն անգամ մեկ ու կես տարեկան երեխայիս թողնում եմ, որ էրեխուցս մի լուր իմանամ՝ գերության մե՞ջ է, զոհվա՞ծ է: Թող մի բան պատասխանեն»:

Ծնողներն արդեն երրորդ օրն է, որ հանդիպում են պահանջում պաշտպանության նախարարի եւ Օնիկ Գասպարյանի հետ եւ որեւէ այլ պաշտոնյայի չեն ցանկանում տեսնել:

«Մենք թուրքին չենք տվել մեր երեխեքին, մենք իրենց ենք տվել, թող բերեն մեզ տան: Հինգ ամիս է՝ տունը չգիտենք ինչ է, ամեն օր մեր երեխաների հարցերով ենք: Թող տեղները չնստեն, գնան, որտեղից ուզում են՝ բերեն մեր երեխաներին: Հա՛մ երեխա տանք, հա՛մ ընկնենք հետեւներից, որ տեսնենք՝ ո՞ւր են մեր երեխեքը»,-վրդովված, արտասվելով ասում էր անհայտ կորած ժամկետային զինծառայողի հայրը:

Ավելի ուշ ծնողներին հայտնեցին, որ նախարարը 4-5 հոգանոց խումբ կընդունի: Ցուցակագրվեցին ընդունելության գնացող ծնողները եւ նախարարություն մտնելուց առաջ ասացին, որ, եթե պարզվի՝ նախարարը չի ընդունում, այլ մեկ ուրիշ պաշտոնյա, թողնելու են՝ դուրս գան: Այս պահին ծնողները ներսում են:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728