Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանն արդարացրեց ծննդկան Մերի Մարգարյանի եւ նրա նորածնի մահվան համար մեղադրվող բժիշկներին

Փետրվար 08,2021 15:38

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրեց «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանին եւ Անի Բաբելյանին, որոնք մեղադրվում էին 2015 թվականի հուլիսի վերջին նշված ԲԿ-ում ծննդկան Մերի Մարգարյանի եւ նրա նորածնի մահվան համար։

Այսօրվա դատական նիստում դատավոր Դավիթ Բալայանը վճռեց՝ բժիշկների նկատմամբ առաջադրված մեղադրանքները դատարանում չապացուցվեցին, սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները, հետեւաբար վերջիններիս նկատմամբ պետք է կայացնել արդարացման դատավճիռ։ Ըստ էության, դատարանը մեղադրյալներին արդարացրեց հանցակազմի բացակայության հիմքով։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, Մերի Մարգարյանի հղիությունը 2015 թվականի փետրվարի 11-ից «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը հաշվառման է վերցրել եւ վարել այն։ Բժիշկ Շուշանիկ Բախշյանն, ինչպես նշված է մեղադրական եզրակացության մեջ, պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի եւ այլ հանգամանքների առկայությունից, ինչպես նաեւ ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության եւ սպասարկման քանակական եւ որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունք է ցուցաբերել, ինչն անզգուշությամբ առաջացրել է Մերի Մարգարյանի, ապա՝ նորածնի մահը:

Նույն մեղադրանքով էր դատարանում հայտնվել նաեւ «Շենգավիթ» ԲԿ-ի բժիշկ Անի Բաբելյանը, որն ըստ մեղադրական եզրակացության, 2015 թվականի հուլիսի 25-ին բժշկական օգնությունը եւ սպասարկումը կազմակերպելու ժամանակ, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է Մերի Մարգարյանի, այնուհետեւ` նորածնի մահը:

Շուշանիկ Բախշյանին եւ Անի Բաբելյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Բախշյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել, իսկ Բաբելյանին նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Մի քանի տարի ձգվող դատական նիստերում ցուցմունք տված բժիշկները նշում էին, որ Մերի Մարգարյանին հարկավոր էր շտապ հոսպիտալացնել եւ ավելի շուտ կեսարյան հատում անել։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728