Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռիում 163 շչակի փոխարեն առկա է ընդամենը 56 աշխատող շչակ

Փետրվար 08,2021 15:28

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզային փրկարարական վարչությունը մարզի տարբեր համայնքներում իրականացնում է բնակչության ազդարարման, տարհանման եւ պատսպարման միջոցառումներ: Այդ ընթացքում փորձարկվում են նաեւ նշված համայնքների էլեկտրաշչակները:

Լոռու մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ, փրկարարական ծառայության փոխգնդապետ Լեւոն Դալլաքյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ մինչ պատերազմն ու ռազմական դրության հայտարարումը Լոռու մարզում առկա է եղել ընդամենը18 շչակ. «Երկու ամսվա ընթացքում մեր կողմից հայթայթվեցին եւ տեղադրվեցին եւս 38 շչակներ: Բայց այս քանակը բավարար չէ ամբողջ մարզի համար, քանի որ մարզն ունի 113 բնակավայր, սակայն ապահովված է ընդամենը 24 բնակավայրը: Մեր անհրաժեշտ քանակը, որ պետք է լինի՝ 163 շչակ, իսկ հիմա առկա է 63 շչակ, որից սարքին է 56-ը: Մյուս 7 անսարք շչակները վերանորոգման ենթակա չեն»:

Դալլաքյանը նշեց նաեւ, որ նախարարությունը տեղյակ է, որ մարզն ունի շչակների կարիք: Մարզում առկա բոլոր սարքավորումները դեռեւս Խորհրդային միության ժամանակաշրջանի են. «Մենք ամեն ամիս դիմում ենք նախարարություն եւ տեղեկատվություն ենք ներկայացնում ինչ ունենք, ինչի կարիք կա: Համալրման վերաբերյալ դեռեւս ոչինչ չեն ասել, սակայն կան ծրագրեր»,- ասաց փրկարարական ծառայության փոխգնդապետը:

Մարզում դեկտեմբերի 17-ից սկսվել են շչակների գործարկման գործընթացները: Գործարկումը սկսելուց առաջ բնակչությանը նախապես տեղեկացվում է, որպեսզի խուճապի չմատնվեն: Պետի տեղակալն ասում է, որ բնակիչները դեռեւս պատրաստ չեն, թե ինչպե՞ս պետք է վարվեն արտակարգ իրավիճակներում. «Առայժմ ընտրում ենք այն համայնքները, որտեղ կան գործող շչակներ, որպեսզի շչակների միացմամբ մենք մեթոդական օգնություն ցույց տալով իրականացնենք տարհանում, պատսպարում: Թեեւ նախապես տեղեկացնում են, որ ուսումնական տագնապ է, բայց համայնքների բնակիչները դեռեւս պատրաստ չեն: Մենք այդ աշխատանքները տանում ենք, որպեսզի իրենք իմանան, թե նման դեպքերում որտեղ են պատսպարվելու, տարհանման հավաքակայանում ներկայանան, ի՞նչ պետք է ունենան իրենց հետ եւ այլն: Մեր հիմնական աշխատանքներն ուղղված են դրան, որ բնակչությանն իրազեկենք այդ ամեն ինչը», -ասաց Դալլաքյանն ու նշեց, որ բացի դա՝ նաեւ թերթիկների վրա տեղեկատվություն են տրամադրում, թե օդային տագնապի դեպքում ինչպես պետք է վարվեն:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728